Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է Հայկ Միսակյանի քրեական գործը, ով մեղադրվում է դիտավորությամբ մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ: Այս մասին YerevanNews.am-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Ըստ գործի նյութերի, Հայկ Միսակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հունիսի 16-ին ժամը 22-ի սահմաններում համագյուղացի Արմեն Թարվերդյանին պատկանող ՎԱԶ 2601 մակնիշի ավտոմեքենայով մեկնել է Արմավիրի մարզի Ամբերտ գյուղ և միջնակարգ դպրոցի հարևանությամբ գտնվող տարածքում հանդիպել է նույն գյուղի բնակիչ Գևորգ Ճուղուրյանին և բացատրություն պահանջել նախօրյակին իր ընկերուհի Ելենա Միրզոյանի բջջային հեռախոսին զանգահարելու, ինչպես նաև` իր հետ հեռախոսազրույցի ժամանակ իրեն հայոյելու համար:
Այնուհետև խոսակցությունը վերածվել է վիճաբանության և կռվի, որի ժամանակ իր մոտ եղած դանակով մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ հարվածել է Գ.Ճուղարյանի կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսին` դրանով նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող:
Այսինքն` Հայկ Միսակյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու մեջ: Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: