ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ տարվող աշխատանքներին։
«Կառավարության նիստերում մի շարք որոշումներ են ընդունվել ֆինանսավորման հետ կապված, Մարգարայում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Կոնկրետ ժամկետ չեմ կարող նշել, թե երբ կավարտվի, բայց շուտով»,- ասաց նա։
Հարցին՝ աշխատանքների ավարտից անմիջապես հետո կբացվի՞ սահմանը, Բադասյանը պատասխանեց․ «Դա ՊԵԿ իրավասության շրջանակներում գտնվող հարց չէ։ Մեր խնդիրը սահմանային անցակետի մաքսային հսկողության պատշաճ իրականացման համար պայմանների ապահովումն է, մենք դա իրականացնում ենք»։
Ֆինանսավորման հետ կապված հարցերին Բադասյանը պատասխանեց՝ նշելով, որ այդ հարցերը քննարկվում են կառավարության նիստերի ժամանակ և տարբեր փուլերի համար հատկացվում են տարբեր գումարներ, իսկ ֆինանսավորումը իրականացվում է պետական բյուջեի հաշվին։
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
2023 թվականի գարնանը Մարգարա գյուղի անցակետի տարածքը փոխանցվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տնօրինությանը։ Մայիսի վերջին կոմիտեն «Մարգարա» մաքսակետի կառուցման նպատակով նախագծանախահաշվային աշխատանքների նախապատրաստման վերաբերյալ պայմանագիր է կնքել «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ի հետ։
Նախագծով նախատեսվում է կառուցել մեկհարկանի սպասարկման սրահ, երկու տաղավար բեռների ձևակերպման համար, երկու տաղավար հերթապահ հերթափոխի հանգստի համար, մաքսային զննման միահարկ մասնաշենք, ավտոկայանատեղիներ, հարթակներ, ներքին ճանապարհներ, երկու հսկիչ-անցագրային կետ և միահարկ պահեստ: