Հայաստանի ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում այսօր՝ օգոստոսի 1-ին հանդես կգա եւ ներկաների հարցերին կպատասխանի անազատության մեջ գտնվողն պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:
Նշենք, որ դատարանը թույլատրել է Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2 օր՝ օգոստոսի 1-2-ին, առավոտյան ժամը 9:30-ից մինչև հանձնաժողովի աշխատանքի ավարտը, Դավիթ Տոնոյանի մեկնումը մինչև ԱԺ հսկիչ-անցագրային կետ, ապա ԱԺ հսկիչ-անցագրային կետից մինչև ՔԿՀ իրականացնել ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ վարչակազմի 1 ներկայացուցչի ուղեկցությամբ` առանց ձեռնաշղթաների:
Հիշեցնենք, որ մեկուկես տարուց ավելի բանտում գտնվող Դավիթ Տոնոյանն օրերս հայտարարեց, որ հուլիսի 4-ին միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով թույլատրել, որ ներկայանա ԱԺ հանձնաժողովի նիստին: Նա ընդգծել է, որ որոշել է բացատրություններ տալ՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի եւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններին: «Ունենալով առանցքային դերակատարում պատերազմի ղեկավարման ժամանակ՝ շատ ասելիք ունեմ հանձնաժողովին»,- հայտարարել էր նա: