Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովը համակարգել և ըստ ոլորտների վերլուծում է Երևանի 12 վարչական շրջաններում տեղադրված առաջարկությունների տաղավարներով ստացված առաջին նամակները։ Հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը հանդիպել է հետաքրքիր առաջարկների հեղինակ քաղաքացիների հետ։
Օրինակ, Թեհմինա Հայրապետյանը և Լիդա Խաչատրյանը, ովքեր Երևանի հ. 62 դպրոցի աշակերտներ են, մի քանի առաջարկություններ են ներկայացրել, որոնց թվում՝ երիտասարդական առցանց պարբերական ստեղծելու մտահղացումն է։ Աշակերտուհիներն առաջարկում են ստեղծել կայք, որը քննարկումների հարթակ կդառնա երևանաբնակ պատանիների ու երիտասարդության համար, կներկայացնի երիտասարդների առօրյան, հետաքրքրությունները։
Քննարկվել են նաև մի շարք այլ նախաձեռնությունների առաջարկներ, որտեղ պատանիները կարող են ունենալ անմիջական մասնակցություն, հաղորդել իրենց նոր գաղափարները։
Հիշեցնենք, որ առաջարկությունների տաղավարների տեղադրումը քաղաքացիներին Երևանի զարգացման ծրագրերում ներգրավելուն ուղղված՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հերթական նախաձեռնությունն է: Յուրաքանչյուր վարչական շրջանի կենտրոնական վայրում տեղադրվել է մեկական տաղավար։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն