Ես պատրաստ եմ թույլատրելի թափանցիկության եւ դասակարգված տեղեկատվության տրամադրման առումով ձեր հարցադրումներին պատասխանել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

«Նաեւ կա նհրաժեշտություն հրապարակային հաշվետվություն ներկայացնելու իմ գործունեության վերաբերյալ, որովհետեւ ես երկար ժամանակաշրջան է չէի պատասխանում որեւէ հարցի կապված պատերազմի հետ՝ բացառությամբ մեկ դրվագի՝ կապված անկլավների հետ: Ես ստիպված էի դրան արձագանքելու, քանի որ չգիտեի՝ լինելո՞ւ է այս հնարավորությունը, թե ոչ:

Գտնում եմ, որ անհրաժեշտություն է լինելու փակ նիստի անցկացման, քանի որ այն տեղեկությունների մեծ մասը, որոնք ես ցանկանում եմ տրամադրել հանձնաժողովին, պետք է նաեւ անցկացնել փակ նիստ:

Ես հայտարարեցի, որ անհրաժեշտություն կա հրապարակային հանդես գալու, քանի որ կային եւ ՀՀ վարչապետի բաց ելույթը, որը նաեւ ինձ մոտ բավականին հարցեր առաջացրեց, եւ գլխավոր շտաբի պետի հրապարակային արձագանքը:

Բացի այդ, ձեր հանձնաժողովի աշխատանքներն ավարտվում էին օգոստոսի 14-ին, դրանով էր պայմանավորված իմ շտապողականությունը»,-ասաց Դավիթ Տոնոյանը:

Նա նաեւ հրապարակայնորեն դիմեց ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին` խնդրելով ներկա լինել հանձնաժողովի նիստին. «Ես խնդրում եմ, որ գոնե փակ նիստի ժամանակ ընդդիմության մասնակցությունը լինի, առնվազն երկու ուժի մասնակցությունը՝ ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի: Հակառակ դեպքում ես կխնդրեի այդ կուսակցությունների ներկայացուցիչներին այլեւս հրապարկային չարտահայտվել առնվազն իմ գործունեության հետ կապված հարցերում»,-ասաց Տոնոյանը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ նկատեց, որ ընդդիմությունը քաղաքական որոշմամբ է հրաժարվել մասնակցել նիստերին, սակայն ցանկացած պահի կարող են գալ ու մասնակցել:

Նշենք, որ դատարանը բավարարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի միջնորդությունը` օգոստոսի 1-ին և 2-ին մասնակցել հանձնաժողովի նիստերին։