«Սիգ» լցանավը ուրբաթ երեկոյան վնասվել է Կերչի նեղուցի հարավային մատույցում, ենթադրաբար՝ ծովային դրոնի գրոհի պատճառով, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով «Ռոսմորրեչֆլոտի» մամուլի ծառայությանը։
«Ռոսմորրեչֆլոտի» օպերատիվ հերթապահը օգոստոսի 5-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 00.28-ին (...) տեղեկություն է ստացել այն մասին, որ «Սիգ» լցանավը վնասվել է աջ կողմից, ենթադրաբար՝ ծովային դրոնի գրոհի հետեւանքով։ Նավը գտնվել է Կերչի նեղուցի հարավային մատույցում»,- նշվել է հաղորդագրությունում։
Տեղեկացվել է, որ նավի անձնակազմը բաղկացած է 11 մարդուց, գրոհի հետեւանքով ոչ ոք չի տուժել, նավը չի խորտակվել։
«Դեպքի վայր են ուղարկվել «Մորսպասսլուժբա»-ի Ազով-Սեւծովյան մասնաճյուղի նավերը (...)։ Օգոստոսի 5-ին, ժամը 01.01-ին մոտեցել է «Մերկուրի» փրկարար բուքսիր նավը (...)»,- նշվել է հաղորդագրությունում։
Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովն ավելի վաղ հայտարարել էր, որ ուժեղ պայթյունները, որոնք շաբաթ գիշեր լսել են Կերչի բնակիչները, կապված չեն Ղրիմի կամրջով ավտոտրանսպորտի երթեւեկության կանգնեցման հետ։ Նրա խոսքով՝ անցումը փակել են «գրոհի սպառնալիքի» պատճառով։
Անցումը փակելու մասին տեղեկությունը հրապարակվել է ժամը 23.26-ին թելեգրամ-ալիքում՝ կամրջի վրա երթեւեկությունը կանգնեցնելու պաշտոնական տեղեկատվությամբ։ Մոտ երեք ժամ հետո մեքենաների երթեւեկությունը վերականգնվել է։
Ղրիմի կամուրջն աշխատում է ռեվերսիվ ռեժիմով այն բանից հետո, երբ հուլիսի 17-ին այն գրոհել էր ուկրաինական երկու ջրային անօդաչու՝ վնասելով մեքենաների անցման հատվածը։