ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Պեմզաշենում մորը և երկու երեխաներին կյանքից զրկելու գործով կալանավորված Արկադի Բարսեղյանը 5 օր է՝ հացադուլ է հայտարարել։ Վերջինս իր բողոքն է արտահայտում նախաքննական մարմնի գործողությունների դեմ` պնդելով, որ ինքը կատարված սպանության հետ կապ չունի, Վրույր Բարսեղյանին այդ օրը չի տեսել, և շուրջ 10 ամիս իրականացված քննությամբ՝ որևէ ապացույց ձեռք չի բերվել իր՝ հանցագործությանը մասնակցելու վերաբերյալ:
Ըստ Բարսեղյանի՝ ինքը շուրջ 10 ամիս է՝ ապօրինի պահվում է անազատության մեջ:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին արտակարգ ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղի տներից մեկում։ Տան բնակիչները չէին արձագանքել դռան թակոցներին։ Իրավապահների ներկայությամբ դուռը բացելուց հետո հատակին 3 դի էր հայտնաբերվել: Պարզվել էր, որ նրանց սպանել էին։ Ավելի ուշ կալանավորվեցին նույն գյուղի բնակիչներ Արկադ և Վրույր Բարսեղյանները։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Պեմզաշենում կատարված մոր և երեխաների դաժան սպանության վարույթով՝ 2 մեղադրյալների կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ։ Դատարանի որոշմամբ այն բավարարվել է։