Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ եւ Ուկրաինայում պատերազմի ֆոնին ՆԱՏՕ անդամ Լեհաստանը Վարշավայում մեծ զորահանդեսում ցուցադրել է իր ամենաարդիական սպառազինությունները եւ պաշտպանության համակարգերը, տեղեկացրել է The Associated Press-ը։
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան՝ զինված ուժերի գլխավոր հրամանատարը, իր ելույթում նշել է, որ «Լեհաստանի արեւելյան սահմանի պաշտպանությունը պետական քաղաքականության կարեւոր տարրն է»։
Ամերիկյան Abrams տանկերը, շարժական հրետանային HIMARS համակարգերը եւ Patriot հրթիռային համակարգերը 35 աստիճան շոգին տեսնելու էր եկել սպիտակ-կարմրավուն դրոշներ թափահարող ամբոխը։ Ներկայացված էին նաեւ F-16 կործանիչները, հարավկորեական FA-50 կործանիչները եւ K9 հաուբիցները։ Նրանց գլխավերեւով անցել է ԱՄՆ ՌՕՈւ F-35 կործանիչը՝ վկայելով այն մասին, որ Լեհաստանը եւս գնում է այդ արդիական կործանիչները։
Զորահանդեսին մասնակցել է լեհական արտադրության տեխնիկան, այդ թվում Krab թրթուրավոր հաուբիցները եւ Rosomak զրահագնացները։
Մասնակցել են մոտ 2 հազար զինծառայող, 200 միավոր տեխնիկա եւ մոտ 100 ինքնաթիռ։ Դուդայի խոսքով՝ Լեհաստանի զինված ուժերը ավելի քան 175 հազար զինծառայող ունի (ութ տարի առաջ՝ 100 հազար)։
Դուդայի խոսքով՝ Լեհաստանի բյուջեն այս տարի կկազմի ռեկորդային՝ 137 մլրդ զլոտի (34 մլրդ դոլար) կամ ներքին համախառն արդյունքի մոտ 4 տոկոսը, ինչը ամենաբարձր ցուցանիշն է ամբողջ ՆԱՏՕ-ում։
«Այս արդիականացման նպատակը Լեհաստանի զինված ուժերը հարստացնելն ու պաշտպանության այնպիսի համակարգ ստեղծելն է, որպեսզի ոչ ոք երբեք չհամարձակվի հարձակվել մեզ վրա, որպեսզի լեհ զինվորները երբեք ստիպված չլինեն կռվել»,- ասել է Դուդան։