ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրությունները բարելավված էին, սակայն զուրկ էին իրական մրցակցությունից: Այսօր այս մասին հայտարարեց ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Տոնինո Պիցուլան: Արձանագրելով «հաճելի առաջընթաց» մի քանի ոլորտներում, առաքելությունը փաստում է՝ մրցակցությունը կարևոր է, եթե «Հայաստանը պատրաստվում է արդարացնել իր ժողովրդի ձգտու,մները՝ դեպի ամուր և ոգեշնչող ժողովրդավարություն»:
Դիտորդների գնահատմամբ, նախորդ ընտրությունների համեմատ այս ընտրությունները բարելավվել էին, սակայն թեկնածուների ուժային սահմանափակ ներկայացվածությունը ենթադրում էին, որ ընտրությունները զուրկ էին իրական մրցակցությունից:
Դիտորդներն արձանագրում են, որ քարոզարշավի ընթացքում ընդհանուր առմամբ պահպանվել են ժողովրդավարական ազատությունները, ներառյալ՝ ազատ քարոզարշավի իրավունքը: Մասնավորապես, ըստ դիտորդների, քարոզարշավն ընդհանուր առմամբ անցել է խաղաղ և լավ կազմակերպված, ձեռնարկվել են թափանցիկությանն ուղղված կարևոր միջոցառումներ, արձանագրվել քվեարկողների ցուցակը բարելավելու էական քայլեր: Ընտրատեղամասերի մեծ մասում քվեարկության գործընթացը լավ էր կազմակերպված, սակայն անձնագրերի կնիքների թանաքը չի ապահովել մի քանի անգամ քվեարկելու դեմ նախատեսված երաշխիքը, քանզի թանաքը հեշտությամբ մաքրվում էր: Առաքելությունը գտնում է նաև, որ մասնավորապես, տեղական մակարդակով հստակ չէր գործող նախագահի քարոզչական ակտիվիստների ու պետական կառույցների տարանջատումը: «Սա ներառում է վարչական ռեսուրսների սխալ օգտագործում և ճնշում հանրային աշխատողների վրա, որպեսզի նրանք մասնակցեն ընտրություններին ու քարոզարշավի միջացառումներին»,- հայտարարեցին միջազգային դիտորդները:
Ըստ նրանց գնահատականի, լրատվական ծածկույթը ընտրողներին թույլ տվեց տեղեկանալ քարոզարշավի մասին, սակայն մի քանի ազդեցիկ կուսակցությունների թեկնածու չառաջադրելու որոշումը հանգեցրել է ընտրողների շրջանում հակակրանքի և վստահության պակասի:
ԵԱԿՀ ԽՎ-ն Հայաստանի իշխանությունների հրավերով սահմանափակ դիտորդական առաքելություն էր նշանակել՝ 1995թ. ի վեր սա ԵԱՀԿ ԽՎ-ի կողմից նշանակված 8-րդ դիտորդական առաքելությունն էր: