«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ մի խայտառակ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Պարզվում է՝ հայրենի նախարարությունը չի կարողացել տպագրել դպրոցական նոր դասագրքերը, ու ԿԳՄՍՆ-ից դպրոցների տնօրեններին հանձնարարել են դրանց էլեկտրոնային տարբերակներից թեմաները տպել եւ տալ աշակերտներին:
«Դասագրքերի մրցույթը հայտարարվել էր դեռեւս անցյալ տարի, ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է: Մրցույթն ամփոփվել է հունիսի մեկին, եւ ներկայացված հայտերն ուղարկվել են փորձաքննության: Դրական եզրակացություն ստացած դասագրքերը երաշխավորվել են գործածության, ցանկը հաստատվել է նախարարի հրամանով: Դրական եզրակացություն ստացած եւ նախարարի հրամանով հաստատված նոր դասագրքերն այժմ տպագրության փուլում են»,- հայտարարել է փոխնախարարը:
Իսկ շատ դպրոցականներ սեպտեմբերը կսկսեն առանց գրքերի, քանի որ հին չափորոշիչները փոխված են, նորերն էլ՝ դեռ չմշակված:
Ստացվում է՝ նախարարությունը անգամ չի կարողանում մրցույթ հայտարարել, պատշաճ պատրաստվել Գիտելիքի օրվան, ու պետք է դպրոցները սպասեն, մինչեւ այդ հարցը կլուծվի: «Նոր դասագրքերը կմատակարարվեն միայն 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարաններում՝ պայմանավորված նոր չափորոշչի ներդրմամբ: Սակայն այս դասարաններում եւս կան դասագրքեր, որոնց համար մրցութային հայտ չի ներկայացվել, կամ փորձաքննության արդյունքում չեն երաշխավորվել գործածության: Դրանք հիմնականում օտար լեզուների դասագրքերն են: Ուստի 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարաններում այն առարկաները, որոնց համար նոր դասագիրք չի ստեղծվել, դասավանդումը կիրականացվի նախկին դասագրքերի եւ նախապես մշակված ուսումնական նյութերի համադրությամբ, որոնք արդեն հասանելի են ուսուցիչներին: Իսկ այն դասարաններում, որտեղ նոր չափորոշիչ չի ներդրվում, շարունակում են դասավանդել հին դասագրքերով»,- ասել է Սվաջյանը։
Այսինքն՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որը հասցնում է լինել գրեթե բոլոր քարոզչական եւ քաղաքական միջոցառումներին, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է, չի հասցնում իր ոլորտում առկա խնդիրները լուծել ու այն առաջնային համարել: Կրթական տարին սկսվում է առանց գրքերի, իսկ նախարարը հետաքրքրված է լողի սիրողական մրցաշարով:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում