Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը Վալերի Կարպինի գլխավորությամբ սեպտեմբերին նախատեսված մարզական հավաքին հրավիրել է 49 ֆուտբոլիստի, հաղորդում է Ռուսաստանի ֆուտբոլային միության կայքը։
Հրավիրվածների թվում են նաեւ «Օրենբուրգի» կիսապաշտպան Ստեփան Օգանեսյանն ու «Պարի Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սեւիկյանը։ Երկուսն էլ Հայաստանի ազգային հավաքականի հավանական թեկնածուներ են։
Ռուսաստանի թիմի մարզական հավաքը տեղի կունենա սեպտեմբերի 4-12-ը Նովոգորսկում։ Հնարավոր են նաեւ ընկերական հանդիպումներ։
Ռուսաստանի հավաքականը հեռացված է միջազգային պաշտոնական մրցումներից Ուկրաինայի տարածքում շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով։