Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետեւանքով զոհված Վաչագան Վարդանյանը Շիրակի մարզի Լանջիկ համայնքից էր, 8 ամսվա զինծառայող էր: Այս մասին հայտնեց Լանջիկի վարչական ղեկավար Գեւորգ Աբաջյանը:
«Վաչագանը տան ավագն է, ունի իրենց փոքր եղբայր եւ քույր, եղբայրն այս տարի ավարտական դասարանում է սովորում, քույրը Երեւանում է սովորում: Շատ նորմալ, լավ ընտանիք են, իրենց քրտինքով ապրող հասարակ մարդիկ են, մայրը առողջական խնդիրներ ունի, երկրորդ կարգի հաշմանդամ է: Վաչագանը հոյակապ երեխա էր, գյուղում բոլորի կողմից սիրված, ամբողջ գյուղը ցավում է, իրոք, շատ լավ երեխա էր»,-ասաց Աբաջյանը:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, այդ թվում ականանետերից: Ժամը 15:15-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է:
Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետեւանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 1 վիրավոր: