Ցանկացած դեպքում ժողովրդի կարծիքը շատ կարեւոր է, բայց պատգամավորներն ունեն մանդատ հենց նույն ժողովրդի կողմից տրված, որոնք իրենց խղճի ու համոզմունքի հիման վրա պետք է քվեարկեն: Այս մասին հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով ԱՀ նախագահի ընտրության հարցին:

Պատգամավորն ասաց, որ օրենսդրական պահանջով սեպտեմբերի 7-ը ներառյալ թեկնածուների առաջադրումն է. «Սեպտեմբերի 8-ին ԱԺ նախագահը պետք է հանդես գա հայտարարությամբ եւ դրանից հետո եռօրյա ժամկետում որոշվի նիստի օրը»:


Դավիթ Գալստյանը հայտնեց, որ իրենց խմբակցությունը այսօր եւ վաղը գործադիր-վարչության նիստեր է հրավիրելու, որի ժամանակ պետք է որոշվի՝ արդյո՞ք ունենալու են իրենց թեկնածուն, թե՞ ոչ:

Անդրադառնալով «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, թե իր կուսակցությունը առաջադրվելիք թեկնածուին կողմ կամ դեմ չի քվեարկելու, եւ իր այն կոչին, որ մարդիկ պետք է հավաքվեն Վերածննդի հրապարակում, որպեսզի մի քանի անձ չորոշեն նախագահի ընտրության հարցը, Գալստյանն արձագանքեց.

«Յուրաքանչյուր պատգամավոր ինքն է որոշում՝ ինչպես քվեարկել: Հավանական է, որ այնպիսի մարդ լինի թեկնածու, որ հենց լինի ժողովրդի սրտի թեկնածուն: Քանի դեռ թեկնածուներ չկան, մենք չենք կարող ասել, որ ժողովրդի սրտով պետք է լինի, հնարավոր է, որ հենց ժողովրդի սրտի թեկնածուները լինեն եւ ընտրությունը կատարելիս մենք՝ ինքներս որոշենք, որպես ժողովրդի կողմից մանդատ ստացած ուժ: Մենք երբեւիցե որեւէ ճնշման ներքո չենք քվեարկել: Ես չեմ կարծում, որ պատգամավորները ճնշման ներքո ընտրություն կանեն: Մենք ունենք դառը փորձը՝ փողոցի ճնշման տակ ընտրության գնալ: Ցանկացած դեպքում ժողովրդի կարծիքը շատ կարեւոր է, բայց պատգամավորներն ունեն մանդատ հենց նույն ժողովրդի կողմից տված մանդատ, որոնք իրենց խղճի ու համոզմունքի հիման վրա քվեարկեն»:

Հարցին, թե Արցախում ստեղծված ճգնաժամից դուրս գալու ինչ ճանապարհ պետք է ընտրվի, պատգամավորն ասաց. «Արցախի կործանումը սկսվել է 2018-ից եւ ավելի ակտիվ փուլ է մտել Արցախի 2020 թվականի ընտրությունների ժամանակ: Մենք տեսանք, որ 2020-ի սխալ ընտրության արդյունքում հայտնվել ենք այսպիսի իրավիճակում: Այսօրվա իշխանությունների մոտեցումը պետք է վերանայվի: Որոշումները պետք է կայացվեն Արցախի ժողովրդի շահերից, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի կամ իր այլ քաղաքական ուժի թելադրանքով»:

Նշենք, որ Alpha News-ի հետ զրույցում «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը հայտարարել է, որ նախագահի ընտրության օրակարգով Արցախի Ազգային ժողովի նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 9-ին:

Պատգամավորը տեղեկացրել է նաեւ, որ խորհրդարանական ուժերը նախագահի թեկնածու պետք է առաջադրեն սեպտեմբերի 5-ից 7-ն ընկած ժամանակահատվածում: Գեղամ Ստեփանյանն ասել է, որ սեպտեմբերի 8-ին կհայտարարեն թեկնածուի կամ էլ թեկնածուների անունները, եւ հաջորդ օրը տեղի կունենա նախագահի ընտրության օրակարգով ԱԺ նիստը: