Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 4-ին բաց մարզում անցկացրեց ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի ղեկավարությամբ մարզմանը մասնակցեցին հավաքական հրավիրված եւ արդեն թիմին միացած ֆուտբոլիստները:
Մարզմանը չէին մասնակցում Նաիր Թիկնիզյանը («Լոկոմոտիվ»), Հրանտ-Լեոն Ռանոսը («Բորուսիա Մ․»),Նորբերտո Բրիասկո Բալեկյանը («Բոկա Խունիորս») եւ Ուգոչուկվու Իվուն («Ռուբին»): Ֆուտբոլիստները թիմի մարզմանը հետեւում էին նստարանից:
Նորբերտո Բալեկյանը մեկնարկում վերականգնողական մարզում անցկացրեց, սակայն ոտքի վնասվածքի պատճառով միացավ նստարանից մարզմանը հետեւող թիմակիցներին:
Ազգային հավաքականը բարձր տրամադրությամբ շուրջ երկու ժամ մարզվեց: Ալեքսանդր Պետրակովի խորհրդով ֆուտբոլիստները հատուկ լրագրողների համար մարզադաշտում մոտ տարածությունից էին մարզվում: Ուկրաինացի մասնագետը կատակեց, որ այսօր ֆուտբոլիստներին սիրաշահելու օր է եւ ցանկանում է, որ նրանք մոտիկից ցույց տան իրենց տեխնիկան լրագրողներին:
Հավաքականը ֆիզպատրաստության, տեխնիկական եւ տակտիկական մարզում անցկացրեց: Գլխավոր մարզիչը նաեւ մի քանի սխեմա փորձարկեց ֆուտբոլիստների հետ:
Բաց մարզման ավարտին Հայաստանի հավաքականի կիսապաշտպաններ Ուգոչուկվու Իվուն եւ Արտակ Դաշյանը պարգեւատրվեցին Հայաստանի 2022/2023 թ. Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակներով:
Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 3-ից մարզական հավաք է անցկացնում՝ պատրաստվելով Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջիկա հանդիպումներին:
Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 8-ին արտագնա խաղում ուժերը կչափի Թուրքիայի թիմի հետ, սեպտեմբերի 11-ին Երեւանում կընդունի Խորվաթիայի հավաքականին: