Շուտով կսկսվի հայրենական ավտոմեքենաների գնումը պաշտոնյաների համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Արեւելյան տնտեսական ֆորումում (ԱՏՖ), տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Հենց հիմա կսկսեն գնել»,- ասել է պետության ղեկավարը՝ պատասխանելով այն հարցին, թե երբ են պաշտոնյաները հայրենական ավտոմեքենաներով երթեւեկելու։ «Հարցը գործնական առումով գնումների մասին է, այժմ դրանք գնվում են»,- նշել է Պուտինը։
Նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանն ունի անհրաժեշտ տրանսպորտ, եւ այն պետք է օգտագործել։ «Դա շատ նորմալ է, դա մեր ոչ մի պարտավորություն չի խախտում ԱՀԿ շրջանակում, դրանք պետգնումներ են,- շարունակել է նա։- Պետք է որոշակի շղթա կառուցել՝ ում ինչ է հասնում, եւ երթեւեկել հայրենական ավտոմեքենաներով»։ «Դուք, հավանաբար, գիտեք, եղել են առաջարկներ շարունակել այդ գնումները (օտարերկրյա մեքենաների)։ Դա դժվար չէ անել, լոգիստիկա կա։ Ես մեծ կասկածներ ունեմ, թե արդյոք պետք է շարունակել այդ պրակտիկան, մեղմ ասած։ Ողջ կառավարությունը եւ նախագահի գործերի վարչությունը կառուցել է այդ շղթան՝ ում ինչ է հասնում։ Թող երթեւեկեն հայրենական ավտոմեքենաներով»,- ավելացրել է Ռուսաստանի նախագահը։
Նրա խոսքով՝ հայրենական մեքենաները կարող են ավելի համեստ թվալ օտարերկրյա մակնիշներից, բայց պաշտոնյաները պետք է օգտագործեն դրանք։ «Գիտեք, այն ժամանակ (1990-ականներին) մեքենաներ չկային, իսկ հիմա կան։ Դրանք, գուցե, ավելի համեստ են թվում, քան Mercedes-ը կամ Audi-ն, որոնք 1990-ականներին սկսեցին գնել հսկայական քանակությամբ, բայց ոչինչ»,- նշել է պետության ղեկավարը։ Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը պետք է օրինակ վերցնի Հնդկաստանից։ «Նրանք հիմնականում շեշտը դնում են Հնդկաստանում արտադրված ավտոտրանսպորտի օգտագործման վրա»,- ավելացրել է նա։ [Հնդկաստանի վարչապետ] Նարենդրա Մոդին շատ ճիշտ է անում, որ առաջ է տանում «Պատրաստիր Հնդկաստանում» գաղափարը»,- ավելացրել է նա։