Ուկրաինական հակահարձակումը հազիվ թե մինչեւ ձմեռ խոշոր բեկման հասցնի, «տասնյակ արեւմտյան պաշտոնյաների» այս կարծիքն է նշել The Economist պարբերականը։
«Դա կարող է շատ երկար պայքար լինել»,- ասել է ամսագրի աղբյուրներից մեկը։
Նման կարծիք է արտահայտել նաեւ ռազմական փորձագետ Կոնրադ Մուզիկան մարտական գործողությունները վերլուծող Rochan Consulting ընկերությունից։ Նա նշել է, որ Ուկրաինայի առաջընթացն արագացնել կարող է միայն ավելի խոշոր ստորաբաժանումների գործադրումը, որոնք նա չունի, կամ ռուսական դիրքերի տապալումը։ Հակառակ դեպքում այն, թե ինչպես է հարձակումն ընթացել նախորդ երեք ամիսներին, կարող է շարունակվել եւս մի քանի ամիս։
Ինչպես նշել է պարբերականը, Արեւմուտքը եւ Կիեւը տարաձայնություններ ունեն մարտական գործողությունների վարման մարտավարության վերաբերյալ։ Օրինակ, անունը չնշած ամերիկացի պաշտոնյան The Economist-ի հետ զրույցում ասել է, որ Ուկրաինան շատ «կապված է խորհրդային դոկտրինին», եւ ժամանակ է պետք, որպեսզի այդ իրավիճակը փոխվի։ Բացի այդ, ասում են ամսագրի աղբյուրները, Արեւմուտքում կարծիք կա, որ Կիեւը պետք է մասշտաբային գրոհներ վարի, որոնք կհանգեցնեն մեծ կորուստների, բայց թույլ կտան հասնել ավելի զգալի հաջողությունների։ Ուկրաինան առարկել է դրա դեմ։