Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում սեպտեմբերի 16-ին մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած Հայաստանի հավաքականի կազմում ԱԱ-ին կմասնակցեն Արսեն Հարությունյանը (57 կգ), Նորիկ Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) եւ Սերգեյ Սարգսյանը (97 կգ):
Հայտնի են հայ ըմբիշների մրցակիցները:
Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Մ23 աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր Արսեն Հարությունյանը (57 կգ) պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ կգոտեմարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Ուկրաինայի ներկայացուցիչ Կամիլ Կերիմովի հետ:
Եվրոպայի Մ23 բրոնզե մեդալակիր Նորիկ Հարությունյանը (61 կգ) որակավորման փուլում կմրցի չեզոք երկրների դրոշի ներքո հանդես եկող բելառուս Անդրեյ Բեկրենեւի հետ:
Եվրոպայի գործող չեմպիոն, աշխարհի անհատական գավաթի խաղարկության հաղթող, Մ23 աշխարհի չեմպիոն Վազգեն Թեւանյան (65 կգ) կմեկնարկի 1/16 եզրափակիչից, որտեղ մրցակիցը Եվրոպայի փոխչեմպիոն, չեզոք երկրի դրոշի ներքո հանդես եկող բելառուս Նուրգյուն Սկրիաբինը:
Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը (70 կգ) որակավորման փուլում կհանդիպի Չինաստանի ներկայացուցիչ Նան Կաոյին:
Աշխարհի Մ23 առաջնության բրոնզե, Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր Հրայր Ալիխանյանը (74 կգ) մեկնարկային որակավորման փուլում կգոտեմարտի Վենեսուելայի ներկայացուցիչ Էնտոնի Մոնտերոյի հետ:
Մ23 աշխարհի բրոնզե մեդալակիրը Արման Ավագյանը (79 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից: Մրցակիցը կլինի որակավորման փուլում Օրխան Աբասով (Ադրբեջան) - Իման Մահդավի (UWW) զույգի հաղթողը:
Մ23 Եվրոպայի բրոնզե մեդալակիր, երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր Սերգեյ Սարգսյանը (97 կգ) որակավորման փուլում ուժերը կչափի Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի անհատական գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր, Շվեցարիայի ներկայացուցիչ Սամուել Շերրերի հետ:
Սեպտեմբերի 16-ին պայքարի մեջ կմտնեն 61 կգ, 70 կգ, 86 կգ, եւ 125 կգ քաշային կարգի ներկայացուցիչները: Հայաստանի թիմից մրցագորգ դուրս կգան Նորիկ Հարությունյանը (61 կգ) եւ Արման Անդրեասյանը (70 կգ):
Սեպտեմբերի 17-ին տեղի կունենան 79 կգ, 92 կգ, 57 կգ եւ 74 կգ քաշային կարգերի որակավորման գոտեմարտերը: Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն Արսեն Հարությունյանը (57 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) եւ Արման Ավագյանը (79 կգ):
Սեպտեմբերի 18-ին մրցագորգ դուրս կգան 65 եւ 97 կգ քաշային կարգի ներկայացուցիչները: Հայաստանի թիմից կմասնակցեն Վազգեն Թեւանյանը (65 կգ) եւ Սերգեյ Սարգսյանը (97 կգ):
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը ըմբիշների առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարն է: Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր: 4 մեդալակիրները և բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշներից մեկը. նրանց միջև կանցկացվի լրացուցիչ գոտեմարտ:
Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 19-ին: