Հայաստանը երբեք չի դադարեցրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը։ ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Խաղաղության պայմանագրի ուղղությամբ տարվող աշխատանքը երբեք չի դադարել։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի կնքման գործընթացի դանդաղեցմանը, ապա Հայաստանը փոխանցել է իր մոտեցումները, Ադրբեջանը` պատասխանել։ Մենք մեր պատասխանները կուղարկենք համապատասխան աշխատանքներից հետո նշված ժամկետում»,– ասել է նա։


Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։

Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։

Վերջին հանդիպումը` Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով, կայացավ հուլիսի 25–ին Մոսկվայում։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին հայտարարեց, որ հայկական կողմն ադրբեջանական կողմին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի հինգերորդ խմբագրումը, սեպտեմբերի 16-ին ստացել են ադրբեջանական կողմի նոր առաջարկները։