«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մոտ կանգնած մեր աղբյուրների համաձայն` Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը «մեռած է, թաղած չէ»: Բացի այն, որ նման արդյունքները լուրջ տարաձայնության պատճառ են դարձել Նիկոլ Փաշինյանի ու ավինյանականների միջեւ, պարզվում է` Տիգրան Ավինյանի սրտով չէ «Հանրապետություն» կուսակցության հետ կոալիցիա կազմելը, ինչին այլընտրանք չունեն:
Այսպիսով` մինչ Ավինյանը փորձում է այս մղձավանջից «ձեռքերը լվացած» դուրս գալ` ՔՊ-ում ակտիվ քայլեր են իրականացվում ընտրված մյուս երեք ուժերից` «Ազգային առաջընթացից», «Մայր Հայաստանից» եւ «Հանրային ձայնից» գոնե մեկ-երկու ավագանու անդամի իրենցով անելու համար:
Խնդիրն այն է, որ մեկ ավագանու ձայնը կարող է որոշիչ լինել` Ավինյան Տիգրանին քաղաքապետ դարձնելու հարցում:
Ի դեպ, երեկ քաղաքացիները նկատել էին, որ Մաշտոց-Թումանյան խաչմերուկի մոտ ինչ-որ ուղղությամբ է շտապում Երեւանի փոխքաղաքապետ, ավագանու թեկնածու Սուրեն Գրիգորյանը` «Ընտրական օրենսգիրքը» ձեռքին:
ՔՊ-ն փորձում է ելքեր փնտրել իշխանությունը պահելու հարցում, իսկ նրանց շարքերից ոմանք հասկանում են, որ Հայկ Մարությանից նախ քաղաքապետ, ապա հերթական ուկրաինական Զելենսկի դարձնելու Արեւմուտքի ախորժակը մեծ է, եւ նրանք աջակցություն այլեւս չունեն նաեւ դրսից»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում