ԱՄՆ վարչակազմը հաշվի է առնում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև էսկալացիայի վտանգը՝ կապված Ուկրաինային ամերիկյան աջակցության հետ, սակայն հարկ չի համարում դադարեցնել ռազմական օգնությունը Կիևին դրա պատճառով։ Այս դիրքորոշումն է հայտնել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը ամերիկյան The Atlantic պարբերականին տված հարցազրույցում։
«Այս հարցն ինձ գիշերները քնել չի թողնում, - ասել է նա՝ խոսելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև աճող էսկալացիայի վտանգի մասին։- Եվ եթե դա այդպես չլիներ, ինձ պետք կլիներ ազատել աշխատանքից։ Որովհետև սա լուրջ խնդիր է, որտեղ խաղադրույքները մեծ են»:
«Վաշինգտոնում [այս մասին] բանավեճը հիմնականում հանգում է երկու հակադիր ծայրահեղությունների», - պատմել է Սալիվանը: Ըստ նրա, առաջին տեսակետի կողմնակիցներն ասում են. «Դուք վախկոտ եք, եթե նույնիսկ մտածում ես Ռուսաստանի կողմից էսկալացիայի կամ միջուկային զենքի օգտագործման մասին։ Ինչպե՞ս կարող եք նույնիսկ մտածել դրա մասին»: Սալիվանի վկայությամբ, մյուս ծայրահեղությունը հետևյալն է․ «Պետք չէ որևէ բան անել Ուկրաինային օգնելու համար, քանի որ դա, ինքնըստինքյան, նշանակում է, որ երրորդ համաշխարհային պատերազմ է լինելու», - պարզաբանել է նա։
«Ինչպես շատ դեպքերում, պատասխանը է այս երկու [դիրքորոշումների] միջև է»,- ասել է ԱՄՆ նախագահի օգնականը: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի ճիշտ դիրքորոշումը հետևյալն է. «Մենք պետք է մտածենք և հաշվի առնենք հնարավոր էսկալացիան։ Մյուս կողմից, մենք չպետք է կաթվածահար լինենք սրա պատճառով։ Եվ մենք կաթվածահար չենք եղել՝ հաշվի առնելով ժամանակակից զենքի այն հսկայական ծավալները, որոնք ուղարկել ենք Ուկրաինա»։