Ավելի քան 300 անօդաչու թռչող սարքեր են ցուցադրվել Չինաստանի հարավ-արևմտյան Սիչուան նահանգում կայացած ցուցահանդեսում: Հոնկոնգյան South China Morning Post թերթի փոխանցմամբ՝ դրանց թվում են եղել մարտավարական կամիկաձե անօդաչու նորագույն սարքերը։
Ցուցահանդեսն անցկացվել է Մյանյան քաղաքում, որի տարածքում տեղակայված են ՉԺՀ-ի մեծ թվով ռազմարդյունաբերական ձեռնարկություններ։ Այնտեղ ներկայացվել է անօդաչու թռչող զինամթերք, որը կարող է տեղափոխել մինչև 500 գրամ պայթուցիկ և զարգացնել 174 կմ/ժ առավելագույն արագություն։
Անօդաչու թռչող սարքը հագեցած է ուղղորդման համակարգով, իսկ մարտկոցի լիցքավորումը բավականացնում է թռիչքի 30 րոպեի համար։ Արտադրողը թողարկել է նաև անօդաչու թռչող սարքի օպերատորի համար ուսապարկի տեսքով հատուկ հանդերձանք՝ մեկ զինվոր դրանում կարող է տանել մինչև չորս կամիկաձե անօդաչու թռչող սարք՝ յուրաքանչյուրը 1,8 կգ քաշով։
Ցուցահանդեսին ներկայացված էր նաև դրոն-սավառնակ, այս անօդաչու թռչող սարքը թեւերը թափահարելով մնում է օդում և հետախուզական առաքելություններ կատարելու համար քողարկվում է արծվի տեսքով:
Ինչպես նշում է թերթը, Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակն արդեն կիրառել է նմանատիպ սարքեր վարժանքների ժամանակ։