«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայ ժողովուրդն այս օրերին թերեւս պատմության ամենածանր եւ ամենաամոթալի էջերից մեկն է ապրում: Հայկական երկրորդ պետությունը՝
Արցախը, ամբողջությամբ հայաթափված է, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ «գլխատված»:
Բազմաթիվ ծանր հանցագործությունների հեղինակ, մարդասիրական բոլոր նորմերը ոտնահարած ագրեսոր Ադրբեջանը առեւանգել եւ շինծու մեղադրանքներով ձերբակալել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ Դավիթ Մանուկյանին, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Լեւոն Մնացականյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին եւ Արցախի նախկին երեք նախագահներին:
Երեկ էլ Ադրբեջանն իր ներքին լսարանի քիմքը շոյելու, իսկ հայ հասարակության վրա լրացուցիչ ճնշում գործադրելու համար տարածել էր նախագահներին բերման ենթարկելու կադրերը:
«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով այս տեսանյութերը, արձանագրեց, որ ԱՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ակնոցի ապակին կոտրված է, իսկ մի տեսանյութում արդեն Հարությունյանի ակնոցը չկար: Այս ամենից ակնհայտ է դառնում, որ նրա նկատմամբ Բաքվում բռնություն է կիրառվել:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՄԻՊ աշխատակազմ՝ պարզելու՝ արդյոք արձանագրել են բռնության այս ակնհայտ փաստը, եւ ինչ քայլեր են ձեռնարկում այս ուղղությամբ: ՄԻՊ աշխատակազմից, հղում կատարելով սեպտեմբերի 29-ին տարածած իրենց հաղորդագրությանը՝ Ռուբեն Վարդանյանի գերեվարման վերաբերյալ, ասացին, որ գերեվարված պաշտոնյաների ու մյուս քաղաքացիների խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է, եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկվում են:
Թե կոնկրետ ինչ եւ երբ են արել, օմբուդսմենի գրասենյակից չասացին: Թերեւս առարկայական ոչինչ էլ չի անում ՔՊ-ի պաշտպան դատախազ օմբուդսմենը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում