Խոստանում եմ ծառայել Երևանին, խոստանում եմ ծառայել ՀՀ-ին բոլոր այն սկզբունքների հիմքով, որը դեռ 2018-ից մենք հայտարարել ենք: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Երևանի քաղաքապետ ընտրվելուց հետո՝ իր ելույթի ժամանակ, ասաց Տիգրան Ավինյանը:
Ըստ նորընտիր քաղաքապետի՝ ազնվությունն ու արդարությունը միշտ հաղթում են, որովհետև ժողովրդավարական արժեքները, որոնք 2018-ից գերակա են ՀՀ-ում, ամենակարևոր ինստիտուցիոնալ հենքն են ստեղծում մեր երկրի, նաև Երևան քաղաքի զարգացման համար:
«Նախընտրական շրջանում բավականին թեժ բանավեճեր ենք ունեցել մեր ընդդիմադիր գործընկերների հետ, բայց կարող եմ նաև փաստել, որ շատ-շատերի ծրագրերը նույնական են եղել: Եղել են ծրագրեր Երևանի զարգացման մասին, եղել են տրանսպորտային ցանցին վերաբերող հարցերի դրույթներ, եղել են բակային տարածքների վերականգնման, այգիների վերականգնման վերաբերյալ դրույթներ, եղել են կառուցելու տարբեր համակարգեր՝ լինի ճոպանուղի թե մետրոյի կայարան: Եվ այս դրույթները շատ կարևոր են, որ ընդհանրական են: Այսինքն՝ գրեթե բոլոր ուժերն ունեցել են իրենց ծրագրերում այնպիսի դրույթներ, որ բոլոր ուժերի նախընտրական ծրագրերում արտացոլվել են: Եվ ես հանձն եմ առնում, որ Երևանի քաղաքապետարանը՝ գործադիր մարմինը, իր ամբողջ ներուժով ծառայելու է այդ ընդհանրական դրույթների իրականացմանը»,- ասաց Ավինյանը, շնորհակալություն հայտնեց իր թեկնածության օգտին քվեարկելու համար՝ մաղթելով բարի երթ»,-ասաց նա:
Նշենք, որ Ավինյանի օգտին քվեարկեց ավագանու 65 անդամներից 32-ը, դեմ՝ 5-ը: Ավագանու նիստին չեն մասնակցել Անդրանիկ Թեւանյանի «Մայր Հայաստան» եւ Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց» խմբակցությունների անդամները: