Սերժ Սարգսյանն առաջիկա շաբաթ ԱԺ հաստատմանը կներկայացնի ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում իր թեկնածուին։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. «Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, Ս. Սարգսյանը տատանվել է երկու հիմնական թեկնածուի միջեւ՝ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի եւ Երեւանի դատախազ Հրաչյա Բադալյանի։ Ավելին, այս օրերին նա հանդիպել է նրանցից երկուսի հետ էլ։ Երեկ երեկոյան «Ժողովուրդ»-ի աղբյուրները պնդում էին, որ Ս. Սարգսյանը կանգ է առել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորյալ Հ. Բադալյանի թեկնածության վրա։ Փորձեցինք Ա. Օսիկյանից եւ Հ. Բադալյանից պարզել, թե ինչու են նախօրեի երեկոյան տարբեր ժամերի գնացել Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր։ «Նման բան չի եղել, խնդրում եմ նման հարց մի ուղղեք, ես երեկ ողջ օրվա ընթացքում աշխատանքի վայրում եմ եղել»,-շփոթված ասաց Ա. Օսիկյանը։ Հ. Բադալյանն ասաց. «Ինչ-որ ներկայացնում եք, չի համապատասխանում իրականությանը, կներեք, զբաղված եմ» ու անջատեց հեռախոսը»,- գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):