Իսրայելը զանգվածային գնդակոծություններ է իրականացրել Գազայի հատվածում «ՀԱՄԱՍ»-ի թիրախների ուղղությամբ», - ասել է Իսրայելի պաշտպանության բանակը՝ առանց մանրամասների: Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեկնել է տարածաշրջան՝ հանդիպելու հակամարտության երկու կողմերի առաջնորդների հետ։
Հինգշաբթի առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում իսրայելական զինվորականները հայտնել են, որ «լայնածավալ հարված» են հասցնում Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ին պատկանող օբյեկտներին:
Ականատեսները հայտնել են, որ իսրայելական ավիացիան ուժգին ռմբակոծել է Գազա քաղաքը, և Գազայի իշխանությունները նաև հայտնել են Գազայի հյուսիսում գտնվող Ջաբալիա փախստականների ճամբարին օդային հարվածի մասին: Գազայում զոհերի թիվը հասել է 1200-ի, մոտ 5600-ը՝ վիրավորվել, ավելի վաղ հայտնել են պաղեստինյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը։
Բայդենն իր բարձրաստիճան դիվանագետին ուղարկել է Մերձավոր Արևելք՝ ցույց տալու Վաշինգտոնի շարունակական աջակցությունն Իսրայելին, ապահովելու գերիների, այդ թվում՝ ամերիկացի, ազատ արձակումը և կանխելու ավելի լայն պատերազմի բռնկումը:
Բլինքենը կժամանի հինգշաբթի օրը և կայցելի նաև Հորդանան, բայց չի մեկնի Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափ, որտեղ սովորաբար հանդիպում է Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի հետ:
Բլինքենն ու Աբասը կհանդիպեն ուրբաթ օրը,-ասել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղար Հուսեյն Ալ-Շեյխը սոցիալական ցանցում X-ում՝ չմանրամասնելով:
«Միասնության կառավարություն»
Չորեքշաբթի Իսրայելի առաջնորդները միասնության կառավարություն են ստեղծել՝ խոստանալով մի կողմ թողնել դառը քաղաքական տարաձայնությունները և կենտրոնանալ Համասի դեմ պայքարի վրա։
Պաշտպանության նախկին նախարար Բենի Գանցը՝ կենտրոնամետ ընդդիմության առաջնորդը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Գալանտի կողքին ուղիղ եթերում խոսել է իսրայելական հեռուստատեսությամբ՝ ռազմական կաբինետ ստեղծելուց հետո, որն ամբողջությամբ կենտրոնացած կլինի հակամարտության վրա:
«Մեր գործընկերությունը քաղաքական չէ, դա ընդհանուր ճակատագիր է», - ասել է Գանցը: «Այս պահին մենք բոլորս իսրայելցի զինվորներ ենք»:
Նեթանյահուն ասել է, որ Իսրայելի ժողովուրդը և նրա ղեկավարությունը միասնական են։ «Մենք մի կողմ ենք դրել բոլոր տարաձայնությունները, քանի որ վտանգված է մեր պետության ճակատագիրը»,- ասել է նա։
Գանցի «Ազգային միասնություն» կուսակցությունը, որը կատաղի դեմ է Նեթանյահուի աջակողմյան կոալիցիայի առաջարկած դատական բարեփոխումներին, ասել է, որ առաջ չի քաշի որևէ իրավիճակի հետ կապ չունեցող քաղաքականություն կամ օրենք, քանի դեռ կռիվները շարունակվում են:
«Մենք կջնջենք այս կազմակերպությունը, որը կոչվում է Համաս, ԴԱԻՇ-Գազա», - չորեքշաբթի ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Գալանտը՝ համեմատելով Համասը «Իսլամական պետություն» խմբավորման հետ: «Նա կդադարի գոյություն ունենալ», հավելել է նա: