Մենք բնակարանների վարձակալության հետ կապված որոշակի օրենսդրական կարգավորումներ ենք նախատեսել, որով ակնկալում ենք, որ բնակարանների վարձակալության գործարքները պետք է լինեն լիարժեք թափանցիկ, որպեսզիբյուջեի հետ կապված հարաբերությունները ճիշտ կարգավորվեն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք խնդիր ենք դրել, որ բնակարանների վարձակալության շուկան պետք է ստվերից դուրս գա: Դա մենք հստակ արձանագրել ենք եւ ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ կապված այս իրավիճակը մեր վճռականությունը չի սասանել: Հիմա ավելի վճռական ենք»,-ասաց նա:
Փաշինյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար ՀՀ կառավարության հատկացումները գերազանցում են 100 միլիոն դոլարը:
«Ե՛վ կառավարության, և՛ հանրության, և՛ բոլորի համար շատ կարևոր է, որ ծախսված ամեն գումարի հետ կապված կարողանանք հաշվետվություն տալ: Պատերազմի ժամանակ եղել են որոշ դրվագներ, որոշ աղմուկներ, հիմա չպետք է թույլ տանք, որ անգամ 1000 դրամի հետ կապված հարց ծագի, թե գումարն ուր գնաց:
Բնակարաններ վարձակալությամբ տվող մեր սիրելի հայրենակիցներին ասում ենք՝ «բոլորդ պետք է գաք օրինական դաշտ»: