Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը իսլամական երկրներին Գազայի հատվածում իսրայելական վարչակարգի ռազմական հանցագործությունների դադարեցման հավաքական ջանքերի կոչ է արել, տեղեկացրել է Tasnim-ը։

Սաուդցի գործընկերոջ՝ Ֆեյսալ բեն Ֆարհանի հետ Ջիդայում Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) շրջանակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նա բարձր է գնահատել պաղեստինցիների աջակցության Էր Ռիադի դիրքորոշումը։


Իրանցի նախարարը տեղեկացրել է «Հեզբոլլահի», ՀԱՄԱՍ-ի եւ «Իսլամական ջիհադի» ղեկավարների, ինչպես նաեւ տարածաշրջանային առաջնորդների հետ իր վերջին հանդիպումների եւ բանակցությունների մասին Պաղեստինում եւ Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն ուրիշներին զսպվածության խորհուրդ է տալիս, բայց աջակցում է Իսրայելին։

Աբդոլահիանը ընդգծել է մուսուլմանական երկրների համատեղ ջանքերի անհրաժեշտության մասին։

Նրա խոսքով՝ իրավիճակը տարածաշրջանում հասել է կրիտիկական փուլի եւ կարող է դուրս գալ վերահսկողությունից, ուստի ժամանակի գործոնը կարեւոր նշանակություն ունի։

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը մտահոգություն է հայտնել Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի աղետալի վիճակի առումով՝ հայտարարելով, որ «իսրայելական վարչակարգի հարձակումը Գազայի հատվածի վրա պետք է դադարեցվի որքան հնարավոր է արագ»։ Նա ընդգծել է, որ Էր Ռիադը կշարունակի ջանքերն այս ուղղությամբ։