Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող փախստականների խիտ բնակեցված ճամբարին։ Reuters-ի փոխանցմամբ՝ հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 50 պաղեստինցի և ՀԱՄԱՍ-ի հրամանատար, իսկ բժիշկները պայքարում են վիրավորներին բուժելու համար անկլավում, որտեղ սննդի, վառելիքի և հիմնական պաշարների պակաս կա։
Իսրայելի Պաշտպանության բանակի (IDF) հայտարարության մեջ ասվում է, որ Գազայի հատվածում փախստականների ամենամեծ ճամբարի՝ Ջաբալիայի վրա կործանիչի հարվածից սպանվել է ՀԱՄԱՍ-ի հրամանատար Իբրահիմ Բիարիին, ով, ըստ նրանց, «առանցքային դեր» է խաղացել հոկտեմբերի 7-ի հարձակման ծրագրավորման և իրականացման գործում:
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ փոխգնդապետ Ջոնաթան Կոնրիկուսն ասել է, որ ՀԱՄԱՍ-ի տասնյակ զինյալներ գտնվել են նույն ստորգետնյա թունելային համալիրում, ինչ Բիարին և նույնպես սպանվել են: «Ես հասկանում եմ, որ դա է նաև պատճառը, որ կան բազմաթիվ հաղորդումներ կողմնակի վնասների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին: Մենք դրանք նույնպես ուսումնասիրում ենք»։
ՀԱՄԱՍ-ի խոսնակ Հազեմ Քասեմը հերքել է ճամբարում որևէ հրամանատարի ներկայությունը և այս հայտարարությունը որակել խաղաղ բնակիչների սպանության պատրվակ։ Պաղեստինի առողջապահության պաշտոնյաները հայտնել են, որ առնվազն 50 պաղեստինցի է զոհվել, 150-ը վիրավորվել է:
ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ ասվում է, որ Ջաբալիայում, որտեղ փախստական ընտանիքներ են ապրում, զոհվել կամ վիրավորվել է 400 մարդ:
Չորեքշաբթի օրը անկլավում կրկին ամբողջովին անջատվել են կապի և ինտերնետի ծառայությունները, հայտնել է Գազայի հատվածի հեռահաղորդակցության խոշորագույն մատակարար Paltell-ը: