«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը նիստ է արել, եւ քննարկել են հեռավոր Վարդենիս ու Ալավերդի համայնքների ավագանու ՔՊ խմբակցությունների աշխատանքների հետ կապված հարցեր: Պաշտոնապես տարածված այս տեղեկությունը խիստ մտահոգիչ էր, քանի որ բազմազբաղ վարչապետը որոշել է երկու քաղաքների ավագանիների հարցերով զբաղվել:
Իրականում, ArmLur.am-ի տեղեկություններով, Ալավերդիում ՔՊ-ն փորձում է իմպիչմենթի գործընթաց սկսել Ալավերդու ընդդիմադիր համայնքապետ Արկադի Թամազյանին պաշտոնանկ անելու համար, քանի որ նա «Ապրելու երկիր» կուսակցությունից է: Նախաձեռնությունը պետք է կյանքի կոչի Ալավերդի համայնքի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, նա այս օրերին բանակցություններ է վարում նաեւ ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամների հետ, փորձում է նրանց համոզել, որ միանան իր նախաձեռնությանը, բայց ապարդյուն։
Ավելին՝ նույնիսկ որոշ ՔՊ-ականների համար է Դավիթ Ղումաշյանը անընդունելի, քանի որ Ալավերդիում նա այնքան էլ ընդունված կերպար չէ: Վերջինս հայտնի է նաեւ իր սկանդալային վարքագծով. բազմաթիվ են հրապարակումներն այն մասին, որ նա մի քանի անգամ ծեծկռտուքների մեջ է ընկել: Նկատենք, որ Դավիթ Ղումաշյանը հանդիսանում է Սուրեն Պապիկյանի հովանավորյալը, ում անունից էլ անպատիժ գործում է Ալավերդիում: Ինչ վերբերում է Վարդենիսին, ապա այնտեղ ավագանու ընդդիմադիր խմբակցությունը սեպտեմբերի 19-ից մեկնարկած հանրահավաքների ժամանակ իր աջակցությունն էր հայտնել Հանրապետության հրապարակում հավաքվածներին, որը մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին:
Նիկոլ Փաշինյանը որոշել է միանձնյա ՔՊ-ական իշխանություն հաստատել ողջ երկրում. չեզոքացնում է բոլոր ընդդիմադիր համայնքապետերին, ավագանիներին: Նա միակուսակցական երկիր է սարքում հեղափոխական ու ժողովրդավարական կեղծ արժեքների անվան տակ:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում