Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» 23-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը վնասվածք է ստացել։ Նրա մասնակցությունը շվեյցարական «Յանգ Բոյզի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրի հանդիպմանը հարցականի տակ է, հաղորդում է BBC-ն։
«Բորնմուտի» դեմ Պրեմիեր լիգայի նախորդ տուրի խաղում Հոլանդը փոխարինվել էր 46-րդ րոպեին։ «Մանչեսթեր Սիթին» հաղթել էր 6:1 հաշվով։
«Կսպասենք բժիշկների եզրակացությանը։ Եթե առաջիկա խաղից առաջ բժիշկն ասի, որ Էրլինգը պատրաստ է, ցավեր չունի, ես կհամարեմ, որ նա կարող է մասնակցել հանդիպմանը»,- ասուլիսում նշել է «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։
«Մանչեսթեր Սիթի» - «Յանգ Բոյզ» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 7-ին։