Լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումն իր տրամադրության տակ ունի ռուսական հականավային հրթիռներ, որոնք կարող են օգտագործվել Միջերկրական ծովում ամերիկյան ռազմանավերի դեմ, հայտնում է Reuters-ը։
Անցյալ շաբաթ Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլահն ասել է, որ խմբավորումը «պահեստում» «ինչ-որ բաներ» ունի տարածաշրջանում տեղակայված ամերիկյան նավերի համար, քանի որ Իսրայելը սկսել է իր պատերազմը Համասի հետ: Նրա խոսքով, ամերիկյան ռազմանավերը «չեն վախեցնում և չեն վախեցնի» իրենց։ «Մենք պատրաստվել ենք այն նավատորմի [հայտնությանը], որով դուք մեզ սպառնում եք», - ասել է նա:
Լիբանանում Reuters-ի երկու աղբյուրներ, որոնք ծանոթ են Հեզբոլլահի հնարավորություններին, պնդում են, որ Նասրալլահը նկատի ուներ խմբավորման զգալիորեն ավելացած ռազմական հնարավորությունները, որոնք ներառում են ռուսական արտադրության Yakhont հրթիռը (P-800 Onyx)՝ 300 կիլոմետր հեռահարությամբ:
Reuters-ը հիշեցնում է տարիների ընթացքում լրատվամիջոցների և վերլուծաբանների հաղորդագրությունները, որոնք նշում էին, որ Հեզբոլլահը հրթիռները գնել է Սիրիայից, երբ այնտեղ կռվել է նախագահ Բաշար ալ-Ասադի կողքին: Ինքը՝ խմբավորումը, երբեք չի հաստատել, որ նման զենք ունի:
Reuters-ի զրուցակիցներից մեկը նշել է, որ Հեզբոլլահի հականավային հնարավորությունները զգալիորեն աճել են 2006 թվականից ի վեր, երբ խումբն առաջին անգամ ցույց տվեց, որ կարող է հարվածել ծովային թիրախին՝ հարվածելով Միջերկրական ծովում իսրայելական ռազմանավին։ Աղբյուրը նշել է, որ բացի ռուսական հրթիռից, Հեզբոլլահը ունի նաեւ «այլ հրթիռներ»։
ԱՄՆ երեք ներկա և մեկ նախկին պաշտոնյաներ ասել են, որ լիբանանյան խմբավորումը զենքի տպավորիչ զինանոց է կուտակել, այդ թվում՝ հականավային հրթիռներ:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Reuters-ին ասել է, որ Կրեմլը տեղեկություն չունի այն մասին, թե արդյոք Հեզբոլլահը նման հրթիռներ ունի: Հըզբոլլահի մամուլի ծառայությունը և Սիրիայի տեղեկատվության նախարարությունը չեն արձագանքել գործակալության խնդրանքին։