ԱՄՆ-ն ակնկալում է, որ նախագահ Ջո Բայդենի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպումը կոնկրետ արդյունքներ կտա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը։
«Մենք նաև կոնկրետ արդյունքներ ենք ակնկալում [Բայդենի և Սի Ցզինպինի Սան Ֆրանցիսկոյում] նոյեմբերի 15-ին կայանալիք հանդիպումից»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ առաջնորդները մտադիր են քննարկել տարբեր թեմաներ, այդ թվում՝ իրավիճակն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Վաշինգտոնի և Պեկինի միջև «ռազմական հաղորդակցության վերականգնման» հարցը։
Սալիվանը նշել է, որ Բայդենը և Սի Ցզինպինն ավանդաբար անկեղծ զրույցներ են ունենում, և, այդ առումով, Միացյալ Նահանգներն «արդյունավետ հանդիպման» հույս ունի: Ըստ Սպիտակ տան խոսնակի՝ ԱՄՆ նախագահը կարծում է, որ «ոչինչ չի փոխարինի դիվանագիտությանը, երբ առաջնորդները հանդիպում են դեմ առ դեմ՝ կառավարելու Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև այս բարդ հարաբերությունները»: