ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ գագաթաժողովին մասնակցությունից, ասել է, որ եթե այդպես է, ապա կարելի է միայն ափսոսանք հայտնել, քանի որ նման հանդիպումները դիրքորոշումները ճշտելու լավ առիթ են, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում նշել էր, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովին։
«Եթե իսկապես այդպես է, ապա կարելի է միայն ափսոսանք հայտնել, մենք հասկանում ենք, որ կառավարության կամ պետության ցանկացած ղեկավար կարող է իր միջոցառումներն ունենալ աշխատանքային ժամանակացույցով, իր հանգամանքները։ Բայց կարելի է ընդամենը ափսոսալ, որովհետեւ նման հանդիպումները կարծիքներ փոխանակելու, դիրքորոշումները ճշտելու լավ առիթ են»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում ընկալում Փաշինյանի որոշումը եւ ինչպես են գնահատում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը։
Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ն, «միեւնույն է, պահպանում է իր ակտուալությունը»։ «Եվ այն հանդիպումները, որոնք կազմակերպվում եւ իրականացվում են ՀԱՊԿ շրջանակում, վկայում են այդ մասին, համենայն դեպս՝ համապատասխան ոլորտներում փոխգործակցության այդ ձեւաչափի պահանջվածությունը մասնակիցների կողմից»,- ասել է Պեսկովը։