Սա նույնպես շատ կարևոր է, ինչի մասին, ցավոք, Երևանը լռում է. 2021 թվականի հունվարին երեք երկրների ղեկավարների կողմից սկսված հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը դեռ ավարտված չէ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այս տարիների ընթացքում մենք մի քանի անգամ ընդհուպ մոտեցել ենք փոխշահավետ որոշումների փաթեթի ընդունմանը, որը և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին հնարավորություն կտար օգտվել միմյանց ճանապարհային ենթակառուցվածքներից։ Դրանով հսկայական առաջընթաց կարվեր հայ-ադրբեջանական հարաբերությունների ընդհանուր բարելավման և ամբողջ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման ուղղությամբ։ Բայց այս հնարավորությունը բազմիցս բաց է թողնվել։
Եվ հերթական անգամ այս տարի, երբ մայիսի 25-ին Մոսկվայի եռակողմ գագաթնաժողովի արդյունքներով առաջնորդները հանձնարարեցին եռակողմ աշխատանքային խմբին ավարտել աշխատանքը ապաշրջափակման հետ կապված տեխնիկական հարցերի համաձայնեցման ուղղությամբ։ Մեկ շաբաթ անց՝ հունիսի 2-ին, եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստում զգալի առաջընթաց էր արձանագրվել բանակցություններում։ Մասնավորապես, ընդհանուր փոխըմբռնում էր ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման վերաբերյալ։ Բայց դարձյալ ինչ-որ բան խանգարեց Հայաստանի ղեկավարությանը թղթի վրա վերջնական տեսքի բերել պայմանավորվածությունները, և մենք լավ գիտենք, թե ինչը խանգարեց. Հայաստանի ներկայիս ղեկավարության արևմտյան «բարեկամների» «բարի», այս դեպքում այս բառը պետք է չակերտների մեջ առնել, խորհուրդները»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ըստ Զախարովայի, այդ «ընկերները» «փոխանակ նպաստեն եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը և, համապատասխանաբար, Բաքվի և Երևանի հաշտեցմանը, նրանք տորպեդահարում են դրական ամեն բան, որոնց հնարավոր է եղել հասնել, տորպեդահարում են Ռուսաստանի ջանքերը, փորձում են պարտադրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման իրենց բաղադրատոմսերը և նորմալացման փոխարեն կեղծ նորմալացում առաջարկում»։
«Հենց դա տեսանք հոկտեմբերի 5-ին Գրանադայում Եվրամիության հովանու ներքո կայացած հանդիպմանը, որտեղ, ի դեպ, տարածաշրջանային հարցերի վերաբերյալ հայտարարությունն ընդունվեց Ադրբեջանի բացակայությամբ։ Դե, սա, պարզապես, աշխատանքի մեթոդաբանության հարցի առումով․ կա՛մ իրավահավասար աշխատանք եռակողմ խմբում, կա՛մ էլ այնպես, ինչպես եղել է նշածս հանգամանքներում։ Արդյունքում, Հայաստանը, գործելով ԱՄՆ-ի և Եվրամիության հուշումներով, եռակողմ համաձայնագրերի շրջանակներից դուրս, մեր կարծիքով, հայտնվում է տարածաշրջանային հաղորդակցությունների հետագա կոնֆիգուրացիայից կտրվելու վտանգի առաջ։ Ուղղակի, ապացույցներ բերեմ։ Շատ տեղերում են ԱՄՆ-ն և Եվրամիությունը, և՛ որպես միավորում, և՛ առանձին-առանձին հանդես եկել որպես երաշխավոր։
Քիչ տեղերում է հաջողվել լավ ու դրական բան անել։ Ամենից հաճախ նրանք շատ բան են խոստանում, քիչ անում և իրավիճակը օգտագործում են բացառապես իրենց նպատակների համար։ Նրանց օրակարգում ռուսաֆոբիան է։ Հակառուսական քայլերն են, ինձ թվում է, նրանց ճանապարհային քարտեզն է, մոլագար կիրքը։ Նրանք բացարձակապեսանտարբեր են նույն տարածաշրջանի երկրների ապագայի նկատմամբ, նրանց բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչպես այդ երկրներն ու ժողովուրդները դուրս կգան այս իրավիճակից, ինչ վնասներ կկրեն։ Նրանց հետաքրքրում է մեկ մոլագար նպատակ՝ ինչպես կռվեցնել բոլորին, ինչպես իրադարձությունների թնջուկի մեջ գցել այս քարը, որը բոլորին կկռվեցնի, ինչպես կռվախնձոր նվիրել, որ բոլորը վիճեն, և այլն, և այլն։ Հսկայական թվով օրինակներ կան»,- եզրափակել է Մարիա Զախարովան։