Ռուս-ամերիկյան հարաբերությունները Վաշինգտոնի մեղքով վտանգում են խզվել ամեն պահի, դա Մոսկվայի ընտրությունը չէ։ Այս մասին նշվել է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում, որն արվել է Ռուսաստանի եւ ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 90-ամյակի առիթով։
«Տեկտոնական աշխարհաքաղաքական տեղաշարժերի ֆոնին, որոնք փոխում են ուժերի դասավորությունը համաշխարհային ասպարեզում, Վաշինգտոնում փորձում են գլոբալ առումով զսպել Մոսկվային եւ Պեկինին, իսկ վերջնարդյունքում՝ համաշխարհային ամբողջ մեծամասնությանը, որը համաձայն չէ Արեւմուտքի պարտադրած աշխարհակարգին՝ հիմնված իրենց կանոնների վրա»,- նշել են դիվանագիտական գերատեսչությունում։
«Սա է ռուս-ամերիկյան հարաբերությունների խորագույն ճգնաժամի նախապատճառը։ Վաշինգտոնի մեղքով, որը որդեգրել է մոլի ռուսատյացությունը, այդ հարաբերությունները «բարակել» են, վտանգում են խզվել ցանկացած պահի։ Դա Ռուսաստանի ընտրությունը չէ, բայց ԱՄՆ անպատասխանատու քայլերը, ներառյալ դոկտրինալ խնդիրը՝ Մոսկվային հասցնել «ռազմավարական պարտության», կարող են հանգեցնել աղետալի հետեւանքների»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում։
1933-ից հետո երկու երկրների հարաբերություններն ունեցել են թռիչքներ եւ անկումներ՝ ենթարկվելով սառը պատերազմի տրամաբանությանը եւ հավասարակշռվելով անգամ միջուկային հակամարտության եզրին, բայց եւ չեն հատել «ճակատագրական կետը, որտեղից վերադարձ չկա»։ «Այն դարաշրջանի ԱՄՆ պետական գործիչները ողջամտություն ունեցան, որպեսզի կանգ առնեն եւ սկսեն պայմանավորվել ԽՍՀՄ-ի հետ խաղաղ գոյակցության եւ սպառազինությունների վերահսկման հարցում։ Ցավոք, իրականության այդ պրագմատիկ ընկալումը բնորոշ չեղավ ամերիկյան քաղաքական էլիտային, որը վերցրեց կառավարման սանձերը 1990-ականներին եւ 2000-ականներին, որի համար «պատմության ավարտի» եւ «ԱՄՆ հեգեմոնիայի ոսկե դարի» պատրանքային հավատը եղել եւ մնում է բազային աշխարհայացք։ Էլ չենք ասում այն մասին, որ անդրօվկիանոսյան ներկա քաղաքական գործիչները եւ փորձագիտական հանրույթը չեն կարողանում համարժեք գնահատել գործընթացները Ռուսաստանում 1991-ից հետո»,- նշված է նախարարության հաղորդագրությունում։
Ընդգծվել է, որ ԱՄՆ քաղաքական շրջանակները ցուցադրում են «անհեռանկարային եւ անհեթեթ նպատակաուղղվածություն ՌԴ-ում ռեժիմը փոխելու եւ ներռուսական խառնակություն կազմակերպելու հարցում, ինչի համար զգալի միջոցներ են ներդրվում»։
«Այսօրվա տարելիցը, այնուամենայնիվ, առիթ է հիշելու մեր երկրների պատմական փորձի դրականի մասին, երբ փոխգործակցությունը կառուցվում էր՝ հենվելով հարգանքի եւ շահերի փոխադարձ հաշվառման վրա։ Այդ սկզբունքներն էին ընկած 1933թ. դիվանագիտական հարաբերությունների վերականգնման պայմանավորվածության հիմքում եւ պահպանում են իրենց հրատապությունն ընթացիկ աննախադեպ բարդ իրավիճակում»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ում։