Ուրբաթ ԱՄՆ-ն վետո է դրել Գազայի հատվածում անհապաղ հրադադարի մասին ՄԱԿ բանաձեւի վրա, որը պաշտպանել են Անվտանգության խորհրդի գրեթե բոլոր անդամները եւ տասնյակ այլ երկրներ, տեղեկացրել է АР-ն։

Բանաձեւի կողմնակիցները այդ օրն անվանել են ահավոր եւ նախազգուշացրել նոր մահերի եւ ավերածությունների մասին։


Քվեարկությունն ունեցել է հետեւյալ արդյունքը՝ 13։1, Մեծ Բրիտանիան ձեռնպահ է եղել։ Ֆրանսիան եւ Ճապոնիան աջակցել են հրադադարի կոչին։

Ուրբաթ Վաշինգտոնում էին գտնվում Եգիպտոսի, Հորդանանի, Պաղեստինի ինքնավարության, Կատարի, Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։ Բայց նրանց հանդիպումն Էնթոնի Բլինքենի հետ տեղի է ունեցել միայն ՄԱԿ-ում քվեարկությունից հետո։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին քվեարկությունն անվանել է «ամենամռայլ օրերից մեկը Մերձավոր Արեւելքի պատմության մեջ» եւ մեղադրել է ԱՄՆ-ին «հազարավոր մարդկանց մահվան դատավճիռ կայացնելու մեջ»։

Նրա խոսքով՝ «պատմությունը կդատի Վաշինգտոնի գործողությունները» «անխնա իսրայելական արյան բաղնիքի» համար։

Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ էր գումարել, որպեսզի լսի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին, որն առաջին անգամ վկայակոչել է ՄԱԿ Կանոնադրության 99-րդ հոդվածը, որը ՄԱԿ ղեկավարին թույլ է տալիս բարձրացնել միջազգային խաղաղության եւ անվտանգության սպառնալիքների հարցը։ Նա նախազգուշացրել է Գազայում «հումանիտար աղետի» մասին եւ հրադադարի կոչ է արել։

Ըստ Գուտերիշի՝ նա 99-րդ հոդվածի հարցը, որը չի կիրառվել 1971-ից ի վեր, բարձրացրել է այն պատճառով, որ «առկա է Գազայում հումանիտար աջակցության համակարգի լիակատար կործանման բարձր ռիսկ»։

«ՄԱԿ-ի կարծիքով՝ դա կհանգեցնի հանրային կարգի լիակատար խախտման եւ ճնշման խորացման՝ կապված Եգիպտոսում բնակչության զանգվածային տեղահանումների հետ»,- զգուշացրել է նա։