Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր, Ա Սերիայի առաջնության ընթացիկ առաջատար «Ինտերը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հարձակվող ձեռք բերելու մտադրություն չունի։ Այդ մասին հայտնել է միլանյան ակումբի մարզական տնօրեն Պիերո Աուզիլիոն։
«Մենք բացարձակ գոհ ենք մեր չորս հարձակվողներից։ Մեր կազմում է նաեւ Մխիթարյանի նման ուժեղ խաղացող, որն ամբողջ կարիերայի ընթացքում հաճախ հանդես է եկել նաեւ հարձակվողի դիրքում։ Անհրաժեշտության դեպքում Մխիթարյանը կլինի մեր 5-րդ հարձակվողը»,- Աուզիլիոյի խոսքը մեջբերում է Inter Xtra-ն։
Մխիթարյանի գործող պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Սպասվում է, որ համագործակցությունը կերկարաձգվի մինչեւ 2025թ․ հունիս։