ՈւԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024 թվականի եզրափակիչը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
Այսպիսով, առաջին անգամ որևէ խաղային մարզաձևի եվրագավաթային եզրափակիչը կանցկացվի Հայաստանում:
Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի «4-ի եզրափակիչին» կմասնակցեն իսպանական «Բարսելոնան» և «Պալմա Ֆուտզալը», նաև պորտուգալական «Սպորտինգը» և «Բենֆիկան»:
Հիշեցնենք, որ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն «Պալմա Ֆուտզալի» կազմում հանդես է գալիս ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Լուանը, որը ճանաչվել էր Չեմպիոնների լիգայի 2023 թ. եզրափակիչ մրցաշարի լավագույն ֆուտզալիստ:
Կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 3-ին, երրորդ տեղի հանդիպումը և եզրափակիչը՝ մայիսի 5-ին:
Բոլոր հանդիպումները տեղի կունենան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում: