«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը պաշտոնի նշանակվել է 2021 թվականի հունվարի 27-ին։
Ղուլարյանը մինչ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ դառնալը հարուստ եւ յուղալի պաշտոններով է անցել։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 1976 թվականից՝ որպես Իջեւանի շրջանային խորհրդի գործկոմ։ Ծնունդով Իջեւան քաղաքից, մասնագիտությամբ ճարտարապետ Ղուլարյանը եղել է նաեւ Իջեւանի գլխավոր ճարտարապետը, ապա՝ նույն քաղաքի քաղաքապետը, հետո՝ Տավուշի մարզպետը։
2014 թվականից եղել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ։ 2018 թվականից եղել է նախարարի առաջին տեղակալ, ապա՝ կոմիտեի նախագահ։
Նման հարուստ կարիերա ունեցող Ղուլամյանը 2022 թվականի եկամուտների, գույքերի, շահերի եւ ծախսերի հայտարարագրում հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ մեկ անհատական բնակելի տուն, որը 2013 թվականին ժառանգություն է ստացել։
Մեկ բնակարան բազմաբնակարան շենքում էլ, որը գտնվում է Արաբկիր վարչական շրջանում, հայտարարագրել է՝ որպես այլ անձի սեփականության իրավունքով պատկանող, սակայն իր կողմից շահագործվող գույք։ Կոմիտեի նախագահը 2019-ին Երեւանի կենտրոնում 21 մլն 475 հազար դրամով գնել է մեկ կիսակառույց:
Ղուլարյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, ինչը զարմանալի է։


Ղուլարյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 4 մլն 492 հազար դրամ եւ 19 հազար 930 դրամ։
Կանխիկ դրամական միջոցները կազմել են 4 մլն 500 հազար դրամ եւ 21 հազար ԱՄՆ դոլար։
Ղուլարյանի՝ հաշվետու տարվա եկամուտները կուտակվում են միայն աշխատանքի վարձատրությամբ, որն էլ կազմում է 13 մլն 229 հազար դրամ՝ գրեթե 32 հազար ԱՄՆ դոլար։
Ստացվում է, որ եկամուտների կեսից ավելին՝ գրեթե 8 մլն դրամը, Ղուլարյանը խնայում է եւ հայտարարագրում կանխիկ դրամ՝ 21 հազար դոլար, հակառակ դեպքում սա կոռուպցիոն ռիսկ է, քանի որ կանխիկ դրամական միջոցների ստացման աղբյուրը չկա, իսկ եկամուտը միայն աշխատանքի վարձատրությունն է։ Ղուլարյանն իր նախկին հայտարարագրերում որպես եկամտի աղբյուր նշում էր կենսաթոշակը՝ 52 հազար դրամ, իսկ վերջին հայտարարագրում կենսաթոշակի մասին ոչինչ չկա։


Ղուլարյանը ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ է, բայց բանակում չի ծառայել, համենայնդեպս, իր կենսագրության մեջ նշված չէ այդ մասին:
Ղուլարյանը ՀՀ ամենաերկարակյաց մարզպետն է. ղեկավարել է Տավուշի մարզը 1999 թվականից մինչեւ 2014 թվականը՝ ամբողջ 15 տարի:
Այս ժամանակահատվածում տավուշցիները դժգոհ են եղել նրա աշխատանքից: Նրանից հատկապես դժգոհել են սահմանամերձ, մշտապես թշնամու կրակահերթերի տակ գտնվող գյուղերի բնակիչները, որովհետեւ մարզպետի «վեջին էլ չի եղել», թե ինչ է կատարվել իր մարզում: Ավելին՝ տեղացիների պատմելով՝ նա շատ գյուղերի ճանապարհն էլ չի իմացել:

Հավելենք նաեւ, որ Ղուլարյանի ղեկավարած Քաղաքաշինության կոմիտեն ղեկավարում եւ համակարգում է ՀՀ-ում շինարարության ոլորտը, որի փուչիկը, ասել է թե, փչված է, եւ պայթելուն քիչ է մնացել։
Բանն այն է, որ բնակարանաշինության մակարդակը Հայաստանում վերջին հինգ տարիներին զգալիորեն բարձրացել է, ինչն էլ, ըստ տվյալների վերլուծաբանների, հանգեցնելու է բնակարանաշինության ոլորտում լճացման»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: