Միացյալ Նահանգները պնդում է, որ Իսրայելն անցնի ավելի կետային ռազմական գործողությունների Գազայի հատվածում և նվազեցնի մարտերի ինտենսիվությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պետդեպարտամենտում տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսում։
«Մենք ցանկանում ենք տեսնել անցում ավելի կետային գործողությունների ավելի փոքր ուժերի ներգրավմամբ, որոնք իսկապես կենտրոնացած կլինեն ՀԱՄԱՍ-ի ղեկավարության, թունելային ցանցի և որոշ այլ կարևոր բաների դեմ պայքարելու վրա», - ասել է Բլինքենը: Նա ընդգծել է, որ այս դեպքում ռազմական գործողություններից խաղաղ բնակչությանը հասցվող վնասը զգալիորեն կնվազի։
Պետքարտուղարը Գազայում վերջին ամիսների իրադարձություններն անվանել է հոգեցունց և դրանում մեղադրել է ՀԱՄԱՍ-ին։ «Ես կրկին վերադառնում եմ այն թեզին, որ, կարծես, լռության է մատնվում այն փաստը, որ հենց ՀԱՄԱՍ-ն է կարող, պետք է և անհրաժեշտ է որ միջոցներ ձեռնարկի, եթե մենք ուզում ենք վերջ տալ անմեղ տղամարդկանց, կանանց և երեխաների տառապանքներին: Լավ կլիներ, որ համաշխարհային հանրությունը համախմբվեր այս գաղափարի շուրջ»,- ասել է Բլինքենը։