Դեկտեմբերի 25-ը Կաթոլիկ եկեղեցու տոնացույցի համաձայն Հիսուս Քրիստոսի ծննդյան հիշատակության օրն է, որը աշխարհի շուրջ 1 միլիարդ 200 միլիոն կաթոլիկ հավատացյալներ տոնում են մեծ շուքով և հանդիսությամբ: Առաջին հայացքից կարող է թվալ, որ այն պարզապես կաթոլիկ հավատացյալների համար ներեկեղեցական որոշակի նշանակություն ունեցող տոն է և որևէ առնչություն չունի հայոց պատմության և առհասարակ հայ իրականության հետ: Պետք է փաստել, որ Հիսուս Քրիստոսի ծննդյան հիշատակության օրվա հետ կապված անհամաձայնությունը Քրիստոնեական եկեղեցիների պառակտման և գոյություն ունեցող հակասությունների կենտրոնական պատճառներից մեկն է:


Ինչպես նշեցինք, Կաթոլիկ Եկեղեցին այն նշում է դեկտեմբերի 25-ին, իսկ Հայ Առաքելական եկեղեցին` հունվարի 6-ին: Ի սկզբանե բոլոր եկեղեցիները այդ տոնը նշել են հունվարի 6-ին, բայց արդեն 4-րդ դարում հռոմեական եկեղեցու հոգևոր հայրերը և կայսերական իշխանությունները որոշում են հիշատակության օր ընտրել դեկտեմբերի 25-ը: Նման որոշումը հիմնականում բացատրվում է նախկինում դեկտեմբերի 25-ին պետական մակարդակով մեծ հանդիսությամբ նշվող և քրիստոնեական շրջանում ժողովրդի մեջ դեռևս լայնորեն արմատացած արևի (Միհր, Միթրա և այլն) պաշտամունքին քրիստոնեական բովանդակություն հաղորդելու և աստիճանաբար արմատախիլ անելու նպատակով: Իսկ ինչ վերաբերում է Հայ Եկեղեցուն, ապա հայ հոգևոր հայրերը այս որոշումը որակեցին որպես քրիստոնեական «սրբազան» ավանդության կոպտագույն խախտում և երբեք էլ այն չընդունվեց վերջիններիս կողմից: Սբ. Ծննդյան հետ կապված այս հակասությունները հետագայում դարձան Հայ և քաղկեդոնական եկեղեցիների ընդհուպ 19-րդ դարը շարունակվող անլուծելի հակամարտության կարևորագույն պատճառներից մեկը:


Եթե հաշվի առնենք միջնադարյան հասարակարգի աստվածակենտրոն և խիստ կրոնական էությունը, ապա պետք է փաստել, որ Սբ. Ծնունդը հունվարի 6-ին տոնելու ավանդույթը դիտարկվել է որպես հայ հասարակության ինքնության կարևորագույն պոստուլատներից մեկը: Միջնադարյան հայ մատենագրության մի ստվար հատված նվիրվել է տոնը այդ օրը նշելու գիտական հիմնավորումներին, և այդ ուղղությամբ ստեղծվել է ահռելի քանակությամբ հակաճառական գրականություն:

Սբ. Ծննդյան հայկական հունվարի 6-ը և հռոմեական դեկտեմբերի 25-ը ոչ այնքան պայմանավորված են այդ օրերից որևէ մեկին Հիսուս Նազովրեցու ծնված լինելու ստույգ կամ կասկածելի տեղեկատվության հետ, այլ դրանց նշանակալիությունը արմատապես կապված է նախաքրիստոնեական ավանդույթների և տիեզերագիտական ուշագրավ երևույթների հետ:

Հունվարի 6-ը երկրի ընթացքի արեգակին ամենամոտ գտնվելու օրն է: Իսկ եթե հաշվի առնենք, որ Նազովրեցու ծննդյան ճշգրիտ օրվա շուրջ գիտությունը տրամաբանորեն լռում է, ապա այդ համաքրիստոնեական իրադարձության համար պետք է ընտրվեր որևէ համատիեզերական նշանակություն ունեցող խորհրդանշական իրադարձություն: Օրինաչափորեն Հիսուսը քրիստոնյաների համար պետք է ընկալվեր որպես խորհրդանշական արև: Հաշվի առնելով հատկապես հին հայերի՝ մեր նախնիների, վերաբերմունքը արևին և ընդհանրապես արևի պաշտամունքին, որը արդեն որպես «մարմնացեալ» Հիսուս փոխանցվեց քրիստոնեական շրջան, ապա երևի թե կարելի է ընկալել հայերի նախանձախնդիր վերաբերմունքը հունվարի 6-ի նկատմամբ: