Ադրբեջանցի «իրավապաշտպանները» այցելել են Արցախի անօրինաբար ձերբակալված նախկին բարձրաստիճան անձանց։
Ինչպես տեղեկացրել է Report-ը, Կտտանքների դեմ ադրբեջանական կոմիտեի նախագահ Թուրալ Հուսեյնովը, նախագահի տեղակալ Էլչին Շիրինովը եւ իրավաբանական բաժնի պետ Ռովշան Մամեդովը այցելել են Պետական անվտանգության ծառայության գլխավոր քննչական վարչությունում պահվող Արայիկ Հարությունյանին (ԼՂՀ նախկին նախագահ), նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանին եւ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանին։
Շիրինովի խոսքով՝ այցի նպատակը նրանց պահելու պայմանների, նրանց հետ վարվելու կանոնների ստուգումն էր։
«Հանդիպման ընթացքում նշված անձինք գոհունակություն են հայտնել պայմաններից։ Նրանք հայտնել են, որ իրենց համար պարբերաբար կազմակերպվում են զբոսանքներ, ստեղծվել է ամենշաբաթյա հեռախոսազրույցների հնարավորություն ընտանիքների անդամների հետ։ Նրանք ապահովված են անհրաժեշտ գրքերով, ունեն հեռուստացույցի եւ էլեկտրոնային գրադարանի հասանելիություն, ինչպես նաեւ կարող են օգտվել մարզասրահից։ Ընտանիքների անդամների խնդրանքով նրանց փաստաբան է նշանակվել։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները փոխանցել են ծանրոցներ, որոնք ուղարկել են ձերբակալվածների հարազատները Հայաստանից»,- ասել է Շիրինովը։