ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հեռախոսազրույցում դատապարտել է Քերմանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունները, գրում է Mehr-ը։
Բորելն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև Իրանի կառավարությանն ու ժողովրդին, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում։
Ընդգծելով ահաբեկչության տարբեր ձևերի դեմ միջազգային հանրության պայքարի անհրաժեշտությունը՝ Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ դիվանագիտության ղեկավարին այս կապակցությամբ նրա ցուցաբերած կարեկցանքի համար։
Զրույցի ընթացքում կողմերը քննարկվել են տարածաշրջանում, այդ թվում՝ Գազայի հատվածում, վերջին զարգացումները։
Եվրամիության ղեկավարության մամուլի ծառայությունը նույնպես դատապարտել է Քերմանում տեղի ունեցած ահաբեկչությունը։
«ԵՄ-ն խստագույնս դատապարտում է Իրանի Քերման քաղաքում այսօր տեղի ունեցած պայթյունը։
ԵՄ-ն իր համերաշխությունն է հայտնում Իրանի ժողովրդին։ Այս ահաբեկչությունը հանգեցրել է ապշեցուցիչ թվով զոհերի և վիրավորների քաղաքացիական բնակչության շրջանում։
Այժմ մենք մտածում ենք զոհերի և նրանց ընտանիքների մասին:
Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր Քերման քաղաքում՝ իրանական գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ, երկու պայթյուն է որոտացել, որոնց հետևանքով զոհվել է 103 մարդ։
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ դա ահաբեկչություն է եղել։