Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 11-ի նիստում Հուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր - Ծրագիր 3-ի շրջանակներում Շիրակի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշում կայացրեց:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հյուսիս-հարավ ծրագրի Լանջիկ-Գյումրի հատվածի վերակառուցման աշխատանքների արդյունքում փակվել են ՀՀ Շիրակի մարզի մի շարք բնակավայրերի միջով անցնող՝ ճանապարհահատվածների երկայնքով գտնվող վարելահողերի, սպասարկման օբյեկտների առկա մուտքերը, ելքերը, ինչի հետևանքով սեփականատերերը զրկվում են իրենց հողամասերն օգտագործելու հնարավորությունից։
Խնդրի կարգավորման նպատակով տրվել են անհրաժեշտ նախագծային լուծումներ, ինչի արդյունքում լրացուցիչ տարածքների օտարման անհրաժեշտություն է առաջացել։ Առկա է նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3-ի վերաբերյալ ՇՄԱԳ հաշվետվությամբ տրված եզրակացությունը։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ նախագծով առաջարկվում է ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ, Ձորակապ, Մարալիկ և Արթիկ համայնքի Հայրենյաց, Լուսակերտ, Հոռոմ բնակավայրերում գտնվող ընդհանուրը 127 հողամասերի օտարման գոտու սահմաններում գտնվող տարածքները ճանաչել հանրության գերակա շահ։
Նախագծով սահմանվում է նաև, որ օտարվող սեփականության ձեռքբերողը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես կգա Ծրագիրն իրականացնող կազմակերպությունը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետն առաջարկվում է սահմանել 2024 թվականի հուլիսի 31-ը։