Եմենում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից իրականացված ավիահարվածների հիմնական թիրախներից են եղել օդանավակայանները, հայտնում է CNN-ը՝ հղում անելով հութի պաշտոնյաներին։

Այսպես, հարձակման են ենթարկվել Արևմտյան Եմենի Հոդեյդա միջազգային օդանավակայանը, Թաիզ միջազգային օդանավակայանը և հարակից տարածքները, ինչպես նաև Եմենի հարավ-արևմտյան շրջանները և Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող Աբս քաղաքը սպասարկող օդանավակայանը:


Հեռուստաալիքը նշում է, որ հարվածներ են հասցվել նաև Եմենի մայրաքաղաք Սանայից հյուսիս գտնվող ալ-Դայլամի ավիաբազային և Եմենի հյուսիսային Սաադա նահանգի հութիների ճամբարին։

ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյան ճեպազրույցի ժամանակ ասել է, որ վարչակազմը չի ձգտում Մերձավոր Արևելքում լարվածության սրման։ Եմենում հարվածներն ուղղված էին «խաթարելու հութիների կարողությունը»՝ շարունակելու հարձակումները Կարմիր ծովում նավագնացության վրա։

Միևնույն ժամանակ, հութիների կառավարության փոխարտգործնախարար Հուսեյն ալ-Էզզին սոցիալական ցանցերում գրել է, որ «երկիրը ենթարկվել է զանգվածային ագրեսիվ հարձակման, որն իրականացվել է ամերիկյան և բրիտանական նավերից, սուզանավերից և ռազմական ինքնաթիռներից»։

Նա նախազգուշացրել է, որ ագրեսորները «պետք է պատրաստ լինեն վճարել ծանր գին և կրեն այս բացահայտ ագրեսիայի սարսափելի հետևանքները»: