ՀՀ ՆԳՆ-ն փաստել է տարբեր ուղղություններով իրավախախտումների թվի աճ։

2023թ. արդյունքները ներկայացնելով՝ ՆԳ փոխնախարար Արամ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ անցած տարվա 11 ամիսներին գրանցվել է 35 052 հանցագործություն։ Մի շարք ուղղություններում կա էական աճ, մասնավորապես՝ ճանապարհատրանսպորտային պատահարների եւ թմրանյութերի շրջանառության գծով։


Սպանությունների թվի աճը ՆԳՆ-ում բացատրել են նրանով, որ նոր ՔՕ-ի համաձայն՝ հանկարծամահությունների փաստերով նույնպես դատական վարույթներ են իրականացվում, իսկ սպանությունների իրական թիվը կրճատվել է 7-ով՝ 52-ից հասնելով 45-ի։ Պարզվել է զենքի անօրինական շրջանառության 300-ով ավելի դեպք, բռնագանձվել կամ ինքնակամ հանձնվել է 1 415 միավոր՝ 305 ինքնաձիգ, 11 գնդացիր, 21 ականանետ, դիպուկահարի 5 հրացան։

2,5 անգամ ավելացել է թմրանյութերի անօրինական շրջանառությունը։

2023թ. 11 ամիսների ընթացքում գրանցվել է 4 368 ՃՏՊ, զոհվել է 362 մարդ, վիրավորվել 6 200 հոգի։ Դեպքերը 2022թ. համեմատ ավելացել են 258-ով։ Սա բացատրվում է նրանով, որ պարեկային ծառայությունը հաշվետու ժամանակում ամբողջովին գործադրված չի եղել։ ՆԳՆ-ում կարեւորել են տեսահսկման խցիկների առկայությունը խնդրահարույց տեղամասերում։