Հայաստանի Հանրապետությունը 2024թ. հունվարի 1-ից ընդունել է նախագահությունը ԵԱՏՄ մարմիններում, որտեղ ամեն պետություն կարեւոր դեր է խաղում տնտեսական համագործակցության ընդհանուր տարածքի ձեւավորման գործում։ Այս մասին նշվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին՝ 2024թ. կազմակերպության մարմիններում Հայաստանի նախագահության առիթով։
Ուղերձում նշվել է. «Հայաստանի Հանրապետության նախագահությունը համընկնում է 2014թ. մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման տասնամյա հոբելյանին։ ԵԱՏՄ գործունեության տասը տարիների ընթացքում ձեռք են բերվել զգալի արդյունքներ փոխգործակցության բոլոր ոլորտներում։ Միեւնույն ժամանակ, մնում են ռազմավարական նշանակության մի շարք հարցեր, առանց որոնց լուծման անհնար է ավարտել արդյունավետ միասնական տնտեսական տարածքի ձեւավորումը։
Միայն ԵԱՏՄ անդամ պետությունների ջանքերի համադրմամբ կկարողանանք ստեղծել էլ ավելի կայուն տնտեսական համագործակցության մոդել ապագա սերունդների համար՝ առանց քաղաքական կամ աշխարհաքաղաքական տեղաշարժերի հետ դրանց շաղկապման։
Համաշխարհային տնտեսության ընթացիկ անկայունությունը պահանջում է վերանայել տնտեսական փոխգործակցության սկզբունքներն ու գործիքները։ Այս պայմաններում մենք պետք է առավելագույն ջանքեր գործադրենք ԵԱՏՄ-ի լիարժեք գործուենության ապահովման համար՝ ի շահ մեր երկրների քաղաքացիների եւ բիզնեսի։