2023 թվականի ընթացքում Հայաստանը կառուցողականորեն ներգրավված էր Ադրբեջանի հետ բանակցություններում, որոնք ուղղված էին հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով, դա ընդհանուր առմամբ վերաբերում է խաղաղ գործընթացին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, սահմանազատման գործընթացի մեկնարկին, տրանսպորտային և տնտեսական ապաշրջափակմանը տարածաշրջանում։
Միրզոյանը կրկնեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է միանշանակ ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը։
«Բացի այդ, սահմանի սահմանազատումը պետք է իրականացվի ԽՍՀՄ պաշտոնական քարտեզների հիման վրա, որոնք ունեն ամուր իրավական հիմքեր։ Մենք անընդհատ խոսել ենք 1974-1978 թվականների քարտեզների մասին՝ որպես ամենավերջին քարտեզների, որոնք արտացոլում են այս սկզբունքները:
Նախկինում ադրբեջանական կողմն առաջարկում էր օգտագործել 1974-ից 1990 թվականների ժամանակաշրջանի քարտեզները։ Մենք առաջարկեցինք, որ դա կարող է ընդունելի լինել: Բայց, ելնելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններից, կարելի է ասել, որ Ադրբեջանի դիրքորոշման մեջ այս հարցում հետընթաց կա։
Համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի՝ հետխորհրդային բոլոր երկրները (ոչ ոք հետագայում վերապահումներ չի արել) ընդունել են, որ խորհրդային հանրապետությունների բոլոր վարչական սահմանները ճանաչվում են որպես արդեն անկախ հանրապետությունների սահմաններ։ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են այս սկզբունքը Պրահայում 2022 թվականին, ինչպես նաև հետագա հանդիպումների ժամանակ։
Երրորդ կարևոր սկզբունքն այն է, որ տրանսպորտային և տնտեսական հաղորդակցական ուղիները պետք է ապաշրջափակվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության, ինչպես նաև փոխադարձության հիման վրա։ Մենք Ադրբեջանի հետ բազմաթիվ քննարկումներ ենք անցկացրել այս հարցի շուրջ և, ըստ էության, հասել ենք որոշակի փոխըմբռնման։ Բայց հաշվի առնելով վերջին ասուլիսը (Ալիևի-խմբ.) կարելի է արձանագրել նաև, որ հետընթաց է տեղի ունեցել։
Բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումների ընթացքում Երևանին և Բաքվին հաջողվեց փոխադարձ համաձայնության գալ խաղաղության պայմանագրի տեքստի որոշ ձևակերպումների շուրջ։ Բայց կան մի շարք առանցքային հարցեր, որոնց վերաբերյալ մոտեցումների տարբերություն կա»,- ընդգծեց Հայաստանի ԱԳՆ ղեկավարը։