‘Yes’  ամսագրի  գլխավոր խմբագիր Անի Քոչարը երեկ իր Ֆեյսբուքյան էջում գրել էր քաղաքապետարանի ավտոկայանատեղման մասին.

«Գիտեի՞ք, որ քաղաքապետի ավտոմեքենայի հարևանությամբ շարքային քաղաքացիներս իրավունք չունենք կայանելու մեր ավտոմեքենան:

Այսօր Կոմիտասի Պրահայի այգու հարևանությամբ փորձում էի ավտոմեքենաս կայանել, երբ Գագիկ Շամշյանի բնութագրություններին արժանի տղամարդիկ մոտեցան ինձ ու «մուննաթ» ոճով պահանջեցին ավտոմեքենաս այդտեղ չկայանել, ի դեպ, միանգամայն թույլատրելի վայրում էի կայանում: Զարմացա: Հարցիս, թե ինչո՞ւ, ասացին, որովհետև քաղաքապետի մեքենայի դիմաց եմ կանգնել ու որ պիտի ազատ մնա այդ տեղը: Երկար-բարակ զրույց, և վերջիններս այլևս չպնդեցին այն բանից հետո, երբ հաստատակամ ասացի, որ քաղաքապետն էլ ինձ պես քաղաքացի է և եթե այդտեղ արգելված չէ, ես չեմ պատրաստվում գնալ չգիտես, թե որտեղ կայանել: Ի դեպ, ողջ փողոցն իրենց մեքենաներն էին կայանած և դա միակ ազատ տեղն էր:

Կարծում եմ, որ ես իմ քաղաքում իրավունք ունեմ կայանելու երբ և որտեղ ցանկանում եմ, եթե օրենքով դա արգելված չէ: Ինչպես հասկացա, այդ մարդիկ ինձ հետ համակարծիք չէին, բայց դա արդեն իրենց խնդիրն է»:

Ինչպես երևում է, քաղաքպետ Տարոն Մարգարյանը կարդացել է վերջինիս գրառումը և արձագանքել է.

«Հարգելի ֆեյսբուքյահայություն, մասնավորապես խոսքս ուղղված է Ani Kocharyan: Ցավում եմ, որ այսօր Ձեզ հետ նման միջադեպ է տեղի ունեցել և նման ապրումներ եք ունեցել: Այո, Դուք իրավացի եք, բոլորն էլ հավասար իրավունքներ ունեն: Իմացած եղեք, որ նման երևույթները իմ կողմից չեն ողջունվում, առավել ևս` դատապարտվում են»:

Անի Քոչարն իր հերթւն գրել էր.

«Հարգելի քաղաքապետ, ասեմ, որ շատ շնորհակալ եմ արձագանքի համար, Ձեր քայլը ողջունելի է, թե՛ որպես քաղաքական գործչի գրագետ արված քայլ և թե՛ որպես տղամարդու: Իսկ այսօր ինձ մոտեցածները հաստատ իրենց տղամարդավայել չպահեցին: Չգիտեմ անգամ, թե ովքեր էին, չհետաքրքրվեցի նրանց պաշտոնով կամ ով լինելով… սակայն այժմ դա չէ կարևորը, այլ այն, որ եթե իսկապես չեք խրախուսում նման երևույթները, ապա ձեր աշխատակազմին և ողջ թիմին հրահանգեք, որ իրենց թույլ չտան ավելին, քան սահմանված է կամ քան լիազորված են, հակառակ դեպքում նրանք առաջին հերթին Ձեր բարի համբավն են արատավորում:

Ես իմ գրառման մեջ նշել էի, որ դա Դուք չեք ասել, այլ ինչ-որ մարդիկ, բայց, միևնույն է, դա Ձեր անվան վրա է ստվեր գցում:

Ես, անձնապես, Ձեր դեմ ոչինչ չունեմ, բայց ևս մեկ անգամ շեշտում եմ, որ ես այս երկրի քաղաքացի եմ, ինչպես Դուք, Ձեր աշխատակիցները, շարքային դռնապանն ու վարորդը,… և մենք բոլորս նույն իրավունքներն ունենք, իսկ ես փորձում եմ հնարավորինս օրինապահ քաղաքացի լինել և բարձրաձայնել այն ամենի մասին, ինչն, ըստ իս, հակաօրինական և հակամարդկային է և վիրավորում է ինձ, որպես այս երկրի արժանապատիվ քաղաքացու»:

Yerevannews.am