Բեռլինի օդանավակայանից բոլոր թռիչքները կչեղարկվեն հինգշաբթի օրը՝ փետրվարի 1-ին, անվտանգության աշխատակիցների գործադուլի պատճառով, որն իրականացվում է երկրի երկրորդ խոշորագույն արհմիության՝ Ver.di-ի կողմից, ասվում է օդանավակայանի հաղորդագրության մեջ։
Երեքշաբթի օրը պարզվեց, որ Ver.di-ն ողջ երկրում հինգշաբթի օրը գործադուլի կոչ է արել օդանավակայանի անվտանգության աշխատակիցներին: Արհմիությունը պահանջում է օդանավակայանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։
«Բազմաթիվ օդանավակայանների անվտանգության աշխատակիցների համար Ver.di արհմիության կողմից հրավիրված նախազգուշական գործադուլի պատճառով Բեռլինի Բրանդենբուրգի օդանավակայանից այս հինգշաբթի՝ 2024 թվականի փետրվարի 1-ին, հնարավոր չէ թռիչքներ իրականացնել», – ասվում է օդանավակայանի կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Բացի այդ, օդանավակայանից հայտնում են, որ գործադուլը կարող է ազդել նաև մուտքային թռիչքների վրա. դրանց վերաբերյալ որոշումներ կկայացվեն ավիաընկերությունների կողմից։